ԱՄՆ-ի իշխանությունները հայտարարել են, որ Կալիֆոռնիայի Յոսեմայթի ազգային պարկը շուտով կվերաբացվի: Հիշեցնենք, որ այն փակ էր վերջին երկու ամիսների ընթացքում Կալիֆոռնիայի հրդեհների ու դրա արդյունքում առաջացած ծխի պատճառով:
Յոսեմայթը զբոսաշրջության կարևոր կենտրոններից է: Հրդեհների արդյունքում իշխանությունները ստիպված եղան տարհանել այս շրջաններում բնակվող բազմաթիվ բնակիչների:
Հրշեջ ծառայության բազմաթիվ աշխատակիցներ, ներառյալ միջազգային խմբեր շարունակում են պայքարել Հյուսիսային և Հարավային Կալիֆոռնիայում ծավալվող հրդեհների դեմ: Զոհերի թիվը հասել է ութի: Բազմաթիվ տներ ավերվել են:
Հիշեցնենք, որ ընդհանուր առմամբ այս վերջին շրջանում ավելի քան տասը հրդեհի օջախներ բռնկվեցին Կալիֆոռնիայում, ինչի արդյունքում այս տարվա հրդեհը որակվել է որպես նահանգի պատմության մեջ ամենաուժեղ հրդեհը: