ԱՄՆ-ի Առաջին տիկին Մելանյա Թրամփի ծնողներին մի քանի օր առաջ շնորհվեց ամերիկյան քաղաքացիություն: The New York Times-ը հաղորդում է, որ Սլովենիայից ժամանած զույգին քաղաքացիություն է շնորհվել իրենց դստեր հովանավորությամբ, ով, որպես ԱՄՆ-ի քաղաքացի, կարող է ներկայացնել քաղաքացիության դիմում իր ծնողների համար: Ներգաղթի այս ծրագիրը շարունակում է գործել՝ չնայած այս ծրագրի հասցեին սուր քննադատությանը նախագահ Թրամփի կողմից:
Ընտանիքի անդամների միջոցով ներգաղթի իրավունքի տրամադրման ծրագիրը գործում է 1965 թվականից: Այն առաջնություն է տալիս այն մարդկանց, ում հարազատները բնակվում են Միացյալ Նահանգներում: ԱՄՆ-ի քաղաքացիներն ու գրին քարդի միջոցով կացության իրավունք ստացած անձինք կարող են հովանավորել իրենց հարազատներին՝ վերջիններիս ներգաղթը ապահովելու համար:
ԱՄՆ-ի նախագահը կոշտ քննադատության էր ենթարկել այս ծրագիրը՝ այն անվանելով ներգաղթ ապահովող շղթա, որի միջոցով ահաբեկիչները հնարավորություն են ստանում ներթափանցել Միացյալ Նահանգներ:
Արձագանքելով անցած տարվա հոկտեմբերի 31-ի Նյու Յորքի ահաբեկչությանը՝ Թրամփը թվիթերյան գրառման միջոցով կոչ էր արել դադարեցնել շղթայական ներգաղթը, քանի որ որոշ մարդիկ, գրել էր նա, գալով ԱՄՆ, այստեղ են բերում նաև իրենց ամբողջ ընտանիքը:
Հունվարին, անդրադառնալով Նյու Յորքի ահաբեկչական գործողություններին, նախագահն ասել էր, որ Նյու Յորքի վերջին երկու ահաբեկչական հարձակումները տեղի են ունեցել գրին քարթի խաղարկության և շղթայական ներգաղթի միջոցով; Նա կոչ էր արել դադարեցնել ներգաղթի այս երկու ծրագրերը:
Չնայած այդ հայտարարությանը՝ ԱՄՆ-ի առաջին տիկնոջ ծնողները՝ Վիկտոր և Ամալիա Քնավսները, ամերիկյան քաղաքացիություն են ստացել այս ծրագրերից մեկով: ABC News-ը տեղեկացնում է, որ նրանց դիմումներն անցել են սովորական ընթացակարգ և հավանության արժանացել բոլոր մնացած դիմումների հետ հավասար պայմաններում:
Վիկտոր և Ամալիա Քնավսները երդմնակալության արարողության են ժամանել ազգային անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ: Թերևս դա էր միակ տարբերությունը քաղաքացիություն շնորհելու սովորական արարողակարգից:
Հիշեցնենք, որ Առաջին տիկին Մելանյա Թրամփը ծնվել և մեծացել է Սլովենիայում: Նրա հայրը` Վիկտորը զբաղվել է ավտոմեքենաների վաճառքով, իսկ նրա մայրը` Ամալիան աշխատել է գործարանում: Հետագա տարիներին Մելանիան աշխատել է որպես մոդել և հանդիպել Դոնալդ Թրամփին Նյու Յուրքում 1998 թվականին: