Շարունակվում է Մանաֆորթի գործի դատաքննությունը

Շարունակվում  է նախագահ Թրամփի քարոզարշավի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորթի գործով դատական նիստը: Դատախազությունը հայտնել է, որ դեռևս կան ութ վկաներ, որոնք պետք է հարցաքննվեն:

Ռոբերտ Մյուլերի ղեկավարած հետաքննության փաստաբան Գրեգ Անդրեսը նշում է, որ Մանաֆորթի գործի շրջանակում դատաքննչական գործընթացը ընթանում է նախատեսվածից ավելի արագ:

Այս պահի դրությամբ այս գործի շրջանակում իրենց վկայություն են տվել 18 վկաներ: Վկայություն է տվել նաև Մանաֆորթի նախկին տեղակալ Ռիք Գեյցը, ով ցուցմունք է տվել ընդդեմ իր նախկին ղեկավարի՝ նշելով, որ Մանաֆորթը թաքցրել է միլիոնավոր դոլարներ այլ արժույթով, ինչպես նաև ներկայացրել է կեղծ հիփոթեքային վարկերի ու հարկերի մասին տեղեկություն:

Գեյցի վկայությունը ևս մեկ անգամ փաստեց երկու նախկին գործընկերների միջև առկա թշնամանքի մասին: Մանաֆորթը շարունակում է ժխտել իր մեղավոր լինելը Մյուլերի ղեկավարած հետաքննության շրջանակում, իսկ Գեյցը իրեն ճանաչել է մեղավոր և համաձայնվել համագործակցել քննչական խմբի հետ:

Դատախազության վկաների վկայություններից ու փաստարկների ներկայացումից հետո Մանաֆորթի պաշտպանները կառաջադրեն իրենց վկաներին և կներկայացնեն իրենց փաստարկներն ի պաշտպանություն Մանաֆորթի: