Թուրքիան որոնում է ԱՄՆ-ի հետ հաշտվելու ուղիներ

Այս շաբաթավերջին ԱՄՆ այց կկատարի թուրքական մի պատվիրակություն, որի նպատակը երկու երկրների միջեւ մի քանի պատճառներով առաջ եկած լարվածությունը մեղմելու համար ուղիներ որոնելն է։ Անկարան ու Վաշինգտոնը լուրջ տարաձայնություններ ունեն Սիրիայում իրականացվող քաղաքականության, Թուրքիայում ամերիկացի մի հոգեւորականի ձերբակալության, դեպի Ռուսաստան Անկարայի ուղղվածության եւ միմյանց միջեւ առեւտրային պատժամիջոցների շուրջ։

Թրամփի վարչակազմն անցյալ շաբաթ պատժամիջոցներ սահմանեց Թուրքիայի արդարադատության եւ ներքին գործերի նախարարների նկատմամբ՝ ամերիկացի հոգեւորական Էնդրու Բրանսոնի ձերբակալության գործում խաղացած դերի համար։ Ավետարանական եղեկեցու հոգեւորական Բրանսոնին, որը Թուրքիայում է բնակվում արդեն 2Օ տարի, այստեղ մեղադրում են 2Օ16 թվականի ձախողված հեղաշրջման փորձի ժամանակ մասնակցություն ունենալու մեջ։

Թուրք երկու նախարարների նկատմամբ ամերիկյան պատժամիջոցներ հաստատվելուց հետո, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հրահանգով պատասխան պատժամիջոցներ են սահմանվել ամերիկացի երկու պաշտոնատար անձանց նկատմամբ։

Դենվերի համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնի դասախոս Ջոնաթան Ադելմանն ՝՝Ամերիկայի Ձայն՛՛- ին ասել է, թե պատմությունը ցույց է տվել, որ ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջեւ նման տարաձայնություններն ի վերջո ՝՝ստանում են լուծում՝ բարեկամաբար՛՛։


Թուրքիայի համար շտապ լուծում գտնելու հանգամանքը պայմանավորված է նաեւ իր կաղացող տնտեսությամբ։ Այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում թուրքական լիրան կորցրել է ինքնարժեքի 3Օ տոկոսը։ Դրա պատճառներից մեկն այն է, որ Թրամփի վարչակազմը քննարկում է ամերիկյան շուկաներում Թուրքիայի՝ մաքսերից ազատված մուտքը կասեցնելու հարցը։ Նման քայլը իր ներգործությունը կունենա Թուրքիայից մոտ 2 միլիարդ դոլարի համարժեք արտահանումների վրա։