ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն oգոստոսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից, հանդիպման սկզբում տնօրենը շնորհավորել է Սերգեյ Կոպիրկինին՝ դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, հաջող և արդյունավետ աշխատանք մաղթել:
Անդրադառնալով երկու երկրների միջև հաստատված ամուր համագործակցությանը՝ Արթուր Վանեցյանը նշել է, որ այդ բարեկամությունը նպաստում է երկու պետությունների տարբեր գերատեսչությունների փոխգործակցության ամրապնդմանը, իսկ Հայաստանի և Ռուսաստանի հատուկ ծառայությունների միջև համագործակցությունը՝ էլ ավելի ամրապնդում արդեն գոյություն ունեցող հարաբերությունները:
Դեսպան Կոպիրկինը նույնպես կարևորել է երկու գերատեսչությունների փոխշահավետ համագործակցությունը՝ նշելով, որ Ռուսաստանի համար Հայաստանը մի շարք ուղղություններով համատեղ գործունեության կարևորագույն ռազմավարական գործընկեր է:
Հանդիպման ավարտին երկու կողմերն էլ պատրաստակամություն են հայտնել շարունակել և առավել սերտացնել ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՌԴ անվտանգության դաշնային ծառայության ու արտաքին հետախուզության ծառայության միջև համագործակցությունը՝ մասնագիտական բոլոր ուղղություններով: