Սպիտակ տունը հայտարարել է, որ նախագահ Թրամփը չի պատրաստվում դադարեցնել Ռուսաստանի վերաբերյալ դաշնային հետաքննությունը, որը քննում է նաև Թրամփի քարոզարշավի հնարավոր կապը Մոսկվայի հետ:
Դրա մասին է հայտարարել նախագահի մամլո խոսնակ Սառա Սանդերսն այն բանից հետո, երբ նախագահ Թրամփը կոչ է արել գլխավոր դատախազ Ջեֆ Սեշընսին դադարեցնել հետաքննության աշխատանքները:
«Դա կարգադրություն չէր, այլ նախագահի կարծիք: Անհավատալի է, որ չնայած այս խարդախ ու կոռուպցիայով լի վհուկների շարունակական որսին, նախագահը ցանկանում է հանգեցնել այն իր տրամաբանական ավարտին, ինչպես բազմիցս ասել է»,- հայտարարել է Սանդերսը:
Նախագահ Թրամփը որպես «ահավոր իրավիճակ» է որակել իր քարոզարշավը Ռուսաստանի հետ կապելու Ռոբերտ Մյուլերի հետաքննության փորձը:
Ավելի քան մեկ տարի առաջ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշընսն էլ իր հերթին հետաքննության նկատմամբ վերահսկողությունը հանձնեց իր տեղակալ Ռոդ Ռոզենշտեյնին, քանի որ ի հայտ էր եկել իր կապը ռուսական կողմի հետ: Ռոզենշտեյնի թեկնածությանը դեմ էին մի շարք հանրապետական օրենսդիրներ, ովքեր ցանկացել են հեռացնել նրան այդ պաշտոնից: Դրա հետ մեկտեղ սակայն հանրապետական կուսակցության որոշ սենատորներ պաշտպանում են Մյուլերի հետաքննությունը: