Կարծիք. ԱՄՆ-ը կուժեղացնի ճնշումը Փհենյանի դեմ նոյեմբերի ընտրություններից հետո

Թրամփի վարչակազմը կոչ է անում Փհենյանին չդրժել ապամիջուկայնացման մասին իր խոստումը, սակայն փորձագիտական շրջանակները չեն սպասում որևէ լուրջ առաջընթաց այս հարցում մինչև ԱՄՆ-ում գալիք ընտրական փուլի ավարտը

Օրերս Թրամփի վարչակազմը կոչ է արել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չան Ընին հավատարիմ մնալ ապամիջուկայնացման իր խոստմանը: Այս հայտարարությանը նախորդել էր արբանյակային լուսանկարների հրապարակումը, որոնք որոշակի նոր ակտիվության մասին են վկայում Փհենյանից ոչ հեռու գտնվող միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ արտադրող գործարանում:

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն մասնակցում է անվտանգության հարցերով ասիական երկրների գագաթաժողովին, որը տեղի է ունենում Սինգապուրում: Հավաքին մասնակցում է նաև Հյուսիսային Կորեան:

Փորձագիտական շրջանակներն ընդգծում են, որ գագաթաժողովը տեղի է ունենում այն ժամանակ, երբ գնալով աճում են մտահոգություններն առ այն, որ Փհենյանը խախտում է ՄԱԿ-ի պատժամիջոցները և նավթամթերք ստանում ծովային ճանապարհով: Բացի այդ, մտահոգություն կա, որ վերջին շրջանում թուլացվել է Փհենյանի դեմ պատժամիջոցների կիրառումը:

Վերլուծաբանները չեն ակնկալում որևէ լուրջ առաջընթաց Հյուսիսային Կորեայի հարցում նախքան ԱՄՆ-ում նոյեմբերին կայանալիք ընտրությունների ավարտը: Նրանց կարծիքով Թրամփի վարչակազմը կրկին կուժեղացնի ճնշումները Փհենյանի դեմ միայն ընտրություններից հետո, եթե որևէ առաջընթաց չլինի ապամիջուկայնացման հարցում: Ճնշումների շարքում է ամբողջական բեռնարգելքի կիրառումը, որով Փհենյանն ամբողջապես կարող է մեկուսացվել աշխարհից: