Վաշինգտոնը սպառնում է պատժամիջոցներ սահմանել Անկարայի դեմ

Ամերիկացի բողոքական հոգևորական Էնդրյու Բրանսոն

Թուրք-ամերիկյան հարաբերությունները, որոնք վերջին շրջանում որոշակի բարելավման միտում էին արձանագրել, կրկին սրվել են: Նախագահ Թրամփը սպառնացել է պատժամիջոցներ սահմանել, իսկ թուրքական կողմը պատրաստվում է դիմակայել ԱՄՆ-ի ճնշումներին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը խոստացել է դիմակայել ամերիկյան կողմի ճնշումներին՝ կապված ամերիկացի բողոքական հոգևորական Էնդրյու Բրանսոնին ազատ արձակելու ամերիկյան կողմի պահանջի հետ: Թուրքիայի իշխանությունները վերջինիս մեղադրում են 2016 թվականի հեղաշրջմանն աջակցելու մեջ: Դրա հետ մեկտեղ անցած շաբաթ Բրանսոնը տեղափոխվել է տնային կալանքի տակ երկու տարի թուրքական բանտում անցկացնելուց հետո:

Օրերս նախագահ Թրամփը սպառնացել էր, որ ամերիկյան կողմը կարող է պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ, եթե Անկարան ազատ չարձակի Բրանսոնին: Վերջինս չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները: Թուրքիայի նախագահ Էրդողանն արձագանքել է, որ Անկարան կդիմակայի ամերիկյան պատժամիջոցների սպառնալիքին և որ Վաշինգտոնն ի դեմս Թուրքիայի կարող է զրկվել հավատարիմ գործընկերոջից:

Վերլուծաբաններն արձանագրում են, որ Բրանսոնի գործն անմիջական կապ ունի ԱՄՆ-ում բնակվող թուրք վտարանդի հոգևորական Ֆեթուլահ Գյուլենին արտաքսելու Թուքիայի պահանջի հետ: Հիշեցնենք, որ թուրքական կողմը մեղադրում է Գյուլենին 2016 թվականի հեղաշրջումը կազմակերպելու մեջ: Վերջինս հերքում է այս հարցում իր ներգրավվածությունը:

Վերլուծաբանների կարծիքով թուրք-ամերիկյան հարաբերությունները վերջին ամիսներին որոշակի բարելավման միտում են ցուցաբերել, որի վկայությունն է Բրանսոնի տեղափոխումը տնային կալանքի տակ: Սակայն, ըստ վերլուծաբանների, պատժամիջոցների սպառնալիքն ու Էրդողանի արձագանքը վկայում են, որ կողմերից մեկի գործողությունների արդյունքում հարաբերությունները կրկին լարվել են: