ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը մեղադրել է Վաշինգտոնին հակառուսական հիստերիա ծավալելու մեջ:
«Ռուսաստանն ու ռուս-ամերիկյան հարաբերությունները պատանդ են դարձել հանրապետականների ու դեմոկրատների ներքաղաքական պայքարի: Ցավոք, այս հակառուսական հիստերիան ու ռուսատյածությունը չի դադարում ԱՄՆ-ում: Մի պահ ինձ թվաց, որ հակառուսական հռետորաբանությունը նվազել է, սակայն ոչ: Այն չի դադարել և կարծում եմ չի դադարի մինչև նոյեմբերյան ընտրությունները»,- հայտարարել է դեսպան Անատոլի Անտոնովը:
Դեսպանը կրկին հերքել է 2016 թվականի ամերիկյան ընտրություններին ռուսական կողմի ներգրավվածության, ինչպես նաև Մեծ Բրիտանիայում նախկին ռուս լրտես Սերգեյ Սկրիպալին թունավորելու Ռուսասատնին հասցեագրված մեղադրանքները:
«Ինչպիսի՞ մազոխիստ պետք է լինի մարդ, որ նման քայլերի դիմի ընտրությունների ու ֆուտբոլի համաշխարհային առաջնության նախօրեին»,- հռետորական հարց է հնչեցրել դեսպանը:
Նա նաև անդրադարձել է վերջերս լրտեսության մեղադրանքով ձերբակալված Մարիա Բուտինայի հարցին:
«Ինչ վերաբերվում է այս աղջկան, Մաշային, չեմ հասկանում ընդհանրապես՝ ինչ է կատարվում: Դժվար է բացատրել այս օրերին Վաշինգտոնում տեղի ունեցածը: Ի՞նչ հիմքերով է նա բերման ենթարկվել: Չեմ բացառում, որ հրապարակվեն նոր լուսանկարներ, թե ինչպես է նա հանդիպում կամ սուրճ խմում ինչ-որ մարդկանց հետ: Չի բացառվում, որ այցելած լինի նաև Ռուսաստանի դեսպանություն»,- հայտարարել է դեսպան Անտոնովը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի իշխանությունները մեղադրում են Մարիա Բուտինային ռուսական լրտես լինելու մեջ, ով փորձ էր արել ներթափանցել ամերիկյան քաղաքական կառույցներ:
29 ամյա Բուտինան հերքում է իր դեմ առաջադրված մեղադրանքները: