Իսրայելի խորհրդարանն ընդունեց հակասական օրինագիծ

Իսրայելում ընդունվել է ազգային մի օրենք, որը քննադատության է ենթարկվել արաբ պատգամավորների կողմից: Կառավարությունը արդարացնում է օրինագծի ընդունումը:

Իսրայելի խորհրդարանը օրերս ընդունել է հակասական մի օրինագիծ, ըստ որի միայն հրեաներին է տրվում ինքնորոշման իրավունքն ու խրախուսվում է հրեական բնակավայրերի կառուցումը:

Ութ ժամ տևած քննարկումից հետո ազգային այս օրենքն ընդունվեց 62 կողմ 55 դեմ ձայների հարաբերակցությամբ: Օրինագիծը կոշտ քննադատության է ենթարկվել հատկապես խորհրդարանի արաբ պատգամավորների կողմից:

«Այս օրենքը չարիք է: Այն սև դրոշ է ծածանում»,- հայտարարել է Իսրայելի խորհրդարանում արաբ պատգամավորների խմբի ղեկավար Այման Օդեհը:

Սակայն վարչապետ Բենյամին Նեթանյահուն օրինագիծը որակել է սիոնիզմի ու իսրայելական պետության որոշիչ մի պահ:

«Ես կրկնում եմ՝ սա մեր պետությունն է: Սա հրեական պետություն է: Կան մարդիկ, ովքեր փորձում են ապակայունացնել այն և խարխլել մեր պետության հիմքերն ու մեր իրավունքները: Ուստի այսօր մենք ամրապնդում ենք մեր դիրքերը: Սա մեր երկիրն է, լեզուն, դրոշն ու հիմնը: Կեցցե՛ Իսրայել պետությունը»,- հայտարարել է վարչապետ Նեթանյահուն:

Օրենքը ապահովում է Իսրայելի արաբների քաղաքացիական իրավունքները: Սակայն շատերը բողոքում են, որ օրենքը պարունակում է խտրականություն, հատկապես կառավարության կողմից օժանդակության ցուցաբերման հարցերում: