National Geographic-ի ներկայացուցիչը հույս ունի վերսկսել ամսագրի հայկական տարբերակի հրատարակումը

Յուլիա Բոյլ-Պետրոսյան, National Geographic-ի արտասահմանյան հրատարակչական նախագծերի ղեկավար

Մոտ 10 տարի առաջ National Geographic հեղինակավոր հանդեսը լույս տեսավ Հայաստանում: Շուտով այն դադարեցրեց հրատարակումը: Ամսագրի հայկական տարբերակի և National Geographic-ի հետ համագործակցության մասին զրուցեցինք NG արտասահմանյան հրատարակչական նախագծերի ղեկավար Յուլիա Բոյլ-Պետրոսյանի հետ:

«Ամեն ինչ արվում է, որպեսզի մարդիկ լուսանկարների միջոցով պատկերացնեն մեր աշխարհի գեղեցկությունը»,- National Geographic հանդեսի առաքելության մասին նշում է համաշխարհային հեղինակություն վայելող այս հաստատության արտասահմանյան հրատարակչական նախագծերի ղեկավար Յուլիա Բոյլ-Պետրոսյանը, ում հետ զրուցեցինք այլ լեզուներով հանդեսի հրատարակման, ներառյալ հայկական տարբերակի մասին:

«Իմ գործունեության նպատակն է բանակցել հրատարակիչների հետ, կնքել պայմանագրեր, որով նրանց թույլ է տրվում օգտագործել մեր բրենդն ու հրատարակել ամսագիրը մեր ձևաչափով»,- նշում է Յուլիա Բոյլ-Պետրոսյանը:

Շուրջ տաս տարի առաջ փորձ արվեց Հայսաստանում հիմնել 38 լեզուներով ու ավելի քան 60 երկրներում հրատարակվող հեղինակավոր այս հանդեսի հայկական տարբերակը, որը, սակայն, ունեցավ կարճատև բնույթ: Յուլիա Բոյլ-Պետրոսյանը պատմում է, որ 2008 թվականին ամսագիրը համագործակցություն հաստատեց ֆոտոլրագրող Ռուբեն Մանգասարյանի հետ, ինչի արդյունքում հայերեն լեզվով ամսագրի Traveler տարբերակը հասանելի դարձավ հայ ընթերցողին:

Հրատարակումը սակայն այդ օրերին ունեցել է մի շարք դժվարություններ, որոնք խոչընդոտում էին ամսագրի հրապարակման սահուն ընթացքին:

«Շատ դժվար էր սպառվում ամսագիրը: Այդ ժամանակ ամսագրերի բաշխման և տարածման շուկան, ինչպես նաև բաժանորդագրության մշակույթը այդքան կայացած չէր Հայաստանում»,- ասում է Բոյլ-Պետրոսյանը:

Մի շարք դժվարությունների հետ մեկտեղ ողբերգական մի իրադարձություն ևս հանգեցրեց նախագծի դադարեցմանը: Ամսագրի մի քանի հրատարակումներից հետո հանկարծամահ եղավ Ռուբեն Մանգասարյանը, որից հետո ամսագրի հրատարակումը կանգ առավ:

«Ստեղծված իրավիճակը մեզ թույլ չտվեց շարունակել հրատարակումը: Ռուբենի մահից հետո, ես այցելեցի Հայաստան, շուրջ 10 հանդիպումներ ունեցա հավանական ներդրողների հետ, սակայն այդպես էլ չստացվեց ներդրում ապահովել՝ ամսագրի շարունակական հրատարակումն ապահովելու համար»,- նշում է National Geographic-ի ներկայացուցիչը:

Այսօր հանդեսը լույս է տեսնում մի շարք հետխորհրդային երկրներում, ներառյալ հարևան Վրաստանում, ինչպես նաև Ռուսասատնում ու Լիտվայում: Այն նաև գործում է հարևան Թուրքիայում ու Իրանում: Հայաստանում ամսագիրը լույս չի տեսնում, սակայն որոշ փոքր նախագծեր իրականացվում են: 2015 թվականին National Geographic-ը կարճատև նախագիծ իրականացրեց բարերար Ռուբեն Վարդանյանի IDEA հիմնադրամի հետ Տաթևի վանքի ու Գորիսի շուրջ զբոսաշրջության զարգացման ոլորտում:

«Էկոտուրիզմի ու զբոսաշրջության կայուն զարգացման ոլորտում պատրաստվեց մի զեկույց մեր փորձագետի կողմից, որի առաջարկությունները ևս իրականացվեցին: Այս անգամ գնալու եմ Տաթև, Խնձորեսկ, Գորիս ու հույս ունեմ, որ կկարողանանք կապ հաստատել IDEA հիմնադրամի հետ և խոսել երկարաժամկետ ծրագրերի մասին»,- նշում է Յուլիա Բոյլ-Պետրոսյանը:

Յուլիան հույս հայտնեց, որ մոտ ժամանակներում իր Հայաստան այցի շրջանակում հնարավորություն կընձեռվի տեղում համագործակցություն հաստատել ներդրողների հետ ևս, որի արդյունքում ամսագրի հայկական տարբերակը կրկին հասանելի կդառնա հայ ընթերցողին:

«Հույս ունեմ, որ այս նյութը նայելուց հետո որոշ ներդրողներ կամ կառավարական շրջանակներ տեղական հրատարակիչների հետ մեկտեղ կօգնեն մեզ առաջ քաշել մի նախագիծ, որի շրջանակում National Geographic, National Geographic Traveler կամ մեր մանկական ամսագրերից մեկը կկարողանանք կրկին բերել Հայաստան»,- ասում է Յուլիա Բոյլ-Պետրոսյանը: