Փհենյանից ու Վաշինգտոնից հնչող հակասական հայտարարությունները բանակցային գործընթացի մի մաս են. Վերլուծաբան

Չնայած Փհենյանը վերջերս բացասաբար է անդրադարձել ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի կատարած այցին՝ ամերիկացի դիվանագետներն ընդգծում են, որ երկխոսությունը Հյուսիսային Կորեայի հետ շարունակվում է: Պոմպեոն հայտնում է, որ Փհենյանի ապամիջուկայնացման պարտավորությունները ուժի մեջ են:

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն անդրադարձել է Հյուսիսային Կորեա կատարած իր այցին:

«Մենք դեռևս երկար ճանապարհ ունենք անցնելու, սակայն Հյուսիսային Կորեայի տված խոստումները մնում են ուժի մեջ ի դեմս այդ երկրի ղեկավար Կիմի խոստմանը նախագահ Թրամփին»,- նշում է Պոմպեոն:

Նախագահ Թրամփը թվիթերյան գրառման միջոցով վստահություն է հայտնել, որ Կիմ Չեն Ընը հավատարիմ կմնա, ինչպես ասում է նախագահը, իրենց կնքած «պայմանագրին»: Վերլուծաբանները սովորական են համարում Վաշինգտոնից ու Փհենյանից հնչող հակասական հայտարարությունները:

«Ակնհայտ է, որ Հյուսիսային Կորեան մի փոքր համառում է, իսկ ամերիկյան կողմը շարունակում է ճնշում գործադրել՝ արագ ապամիջուկայնացմանը հասնելու համար: Ցավոք, դա իրատեսական չէ այս պահին, ուստի մենք այժմ ականատես ենք բանակցային գործընթացին»,- նշում է Ռազմական վերահսկողության և միջուկային զենքի չտարածման կենտրոնի փորձագետ Ջեյմս Մաքքեոնը:

Վերլուծաբանները գտնում են, որ ապամիջուկայնացման համար անհրաժեշտ են տևական բանակցություններ:

«Այս պահին պետքարտուղար Պոմպեոն ակնհայտ առաջնորդում է բանակցային գործընթացը: Որպես պետքարտուղար, սակայն, նա առնչվում է աշխարհում բազմաթիվ այլ հիմնախնդիրների հետ, ուստի կարծում եմ լավ գաղափար կլինի պահպանել պետքարտուղար Պոմպեոյի ղեկավար դիրքը, սակայն բանակցությունների համար նշանակել Հյուսիսային Կորեայի հիմնախնդրին քաջատեղյակ բանագնացի, ով կարող է համակարգել գործընթացը»,- կարծում է Մաքքեոն:

Վերլուծաբանը կարևորւմ է բանակցային գործընթացի շարունակականության ապահովումը: