Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը թվիթերյան գրառման միջոցով արձագանքել է պաշտպանական ոլորտին բավարար միջոցներ չտրամադրելու վերաբերյալ ՆԱՏՕ-ի անդամ երկրներին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփից հղված քննադատությանը։ Իր գրառման մեջ Տուսկն ընդգծել է, որ Եվրամիությունն ԱՄՆ-ի ամենակարևոր դաշնակիցն է և մեծ գումարներ է ծախսում պաշտպանական ոլորտի վրա:
Նախագահ Թրամփը նախքան Բրյուսել մեկնելն արձագանքել է Տուսկի գրառմանը՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ը ունի շատ դաշնակիցներ, և ՆԱՏՕ-ի անդամ երկրները չարաշահում են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները:
Հիշեցնենք, որ նախօրեին նախագահ Թրամփը թվիթերյան գրառման միջոցով նշել էր, որ ԱՄՆ-ը ծախսում է շատ ավելին, քան ռազմական դաշինքի որևէ այլ անդամ երկիր՝ վերջիններիս պաշտպանությունն ապահովելու համար: Նախագահն անարադարացի է համարել նման մոտեցումն ամերիկացի հարկատուների հանդեպ՝ ընդգծելով, որ դրա հետ մեկտեղ Միացալ Նահանգները կորցնում է 151 միլիարդ դոլար Եվրամիության հետ առևտրային հարաբերություններում:
Հիշեցնենք, որ նախկինում ևս նախագահ Թրամփը բազմիցս խոսել է ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանական ոլորտում անհամաչափ ծախսերի մասին: Հայտնի է, որ 2017 թվականին ռազմական դաշինքի ծախսերի շուրջ 70 տոկոսը կատարել է Վաշինգտոնը:
Չորեքշաբթի օրը Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովն առաջինն է վերջերս կայացած Մեծ յոթնյակի գագաթաժողովից հետո, ուր նախագահ Թրամփը հրաժարվեց աջակցել գագաթաժողովի ամփոփիչ հայտարարությանն ու քննադատեց Կանադայի վարչապետին: ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո Միացյալ Նահանգների նախագահը կայցելի Մեծ Բրիտանիա, իսկ հուլիսի 16-ին Հելսինկիում նախատեսված է նրա հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: