Ուրբաթ օրը կեսգիշերից ուժի մեջ մտան չինական ներկրումների վրա ամերիկյան բարձր սակագները

Your browser doesn’t support HTML5

Չինաստանն ուրբաթ օրը հայտարարել է, թե ստիպված է դիմել հակադարձ քայլերի ընդդեմ ԱՄՆ-ի այն բանից հետո, երբ Վաշինգտոնը սկսեց Չինաստանից ներկրվող ապրանքների վրա կիրառել բարձր սակագներ:

Հիշեցնենք, որ նախագահ Դոնալդ Թրամփը 25 տոկոսի սակագներ է հաստատել չինական ավելի քան 800 տեսակի ապրանքների վրա: Սակագները, որոնք ուժի մեջ մտան ուրբաթ օրը, արդեն փոխում են գնորդների տրամադրությունները Չինաստանում:

Չինացիներից շատերն են ասում, որ այսուհետ կփորձեն գնել հենց չինական գյուղատնտեսական ապրանքներ, հատկապես, եթե գները բարձրանան:

Չինաստանի առեւտրի նախարարությունը հայտարարել էր, թե Պեկինը դիմելու է հակակշիռ քայլերի ընդդեմ ամերիկյան սակագների, սակայն ուրբաթ օրը դեռեւս պարզ չէր, թե ինչպիսին է լինելու այդ քայլը:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի Կենտրոնական բանկին, պետք է ասել, որ այստեղ բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ են ասում, որ առեւտրային այս հակասությունները կարող են դառնալ պատճառ ներդրողներին ապախրախուսելու համար, ինչն էլ կարող է բացասաբար ազդել տնտեսական աճի վրա: