Թրամփը պահանջում է, որ անօրինական բոլոր փախստականներն անմիջապես արտաքսվեն ԱՄՆ-ից

Your browser doesn’t support HTML5

Ամերիկայի սահմանին այս օրերին են կուտակվել հազարավոր փախստականներ, ավելի վաղ ժամանած հազարավոր այլոք սպասում են իրենց դատական լսումներին։ Թեքսաս նահանգի ցուցարարները բողոքում են այստեղ անօրինական փախստականներին քրեականացնելու քաղաքականության դեմ։

Գլխավոր դատախազ Ջեֆ Սեշընզի խոսքերով էլ անօրինական փախստականները պիտի ենթարկվեն դատավարությունների, ՝՝Որպեսզի մյուսները չխրախուսվեն անօրինական կարգով սահմանը անցնելու եւ իրենց հետ անօրինական կարգով երեխաներ բերելու փաստով՛՛։

Նախագահ Թրամփը անցյալ շաբաթ էր ստորագրել գործադիր հրահանգ՝ արգելելով փախստական երեխաներին առանձնացնել իրենց ընտանիքներից։ Սակայն այժմ նա հայտարարում է, թե անօրինական կարգով ԱՄՆ մուտք գործած բոլոր անձինք պիտի արտաքսվեն առանց դատական գործընթացների։

՝՝Մենք ուզում ենք ունենալ համակարգ, որը թույլ է տալիս այստեղ մարդկանց գալ միայն օրինական եղանակով՛՛, ասել է Թրամփը։

Մարդու իրավունքների որոշ պաշտպաններ ասում են, թե նախագահի պահանջը հակասահմանադրական է։ Նրանցից Լիի Գելերթի խոսքերով, ՝՝Սահմանադրությունը կերտողներն ասել են, որ պատշաճ գործընթացները վերաբերում են բոլոր անձանց, այլ ոչ թե՝ միայն բոլոր քաղաքացիներին։ Ու դա արել են մտածված կերպով, որպեսզի բոլոր անձինք, այդ թվում՝ ոչ քաղաքացիներն ունենան դատական գործընթացներին մասնակցելու իրավունք՛՛։

Սպիտակ տան մամլո քարտուղարը նախազգուշացնում է, որ սպառվում է այն ժամկետը, երբ փախստական ընտանիքները պիտի անցնեին դատական ընթացքով։

՝՝Նախագահը ցանկանում է ապահովել սահմանների անվտանգությունը եւ բարեփոխել ներգաղթի համակարգը, թույլ չտալու համար, որ սահմանին առկա ճգնաժամն ավելի ծանրանա՛՛, ասել է նա։

Սպիտակ տունն էլ մեղադրում է Կոնգրեսի դեմոկրատ անդամներին՝ համակարգը բարեփոխելու նպատակով հանրապետականների կողմից ներկայացված բոլոր առաջարկները մերժելու մեջ։ Թրամփը մեղադրում է իր նախորդներին, երկրի սահմանների անվտանգությունը ապահովել չկարողանալու, իսկ ներգաղթածներին՝ Միացյալ Նահանգներում հանցագործություններ թույլ տալու մեջ։