ԱՄՆ-ի կառավարության ներկայացրած հաշվետվության համաձայն, Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Ջեյմս Քոմին ‘’մեծապես անցել է ՀԴԲ-ի չափանիշների սահմանը’’, երբ բյուրոն քննություն էր անցկացնում Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթընի էլեկտրոնային նամակագրության կապակցությամբ:
ՀԴԲ-ի ներկա տնօրեն Քրիսթոֆեր Ռեյի խոսքերով, ‘’Մենք հավատարիմ ենք մնալու կարգապահական գործընթացին: Եվ երբ այս գործընթացն ավարտվի, չենք վարանի իրենց գործողությունների համար մարդկանց կանչել պատասխանատվության’’:
Դեմոկրատներն ասում են, թե այն փաստը, որ Քոմին Քլինթընի նամակագրության հարցով ՀԴԲ-ի անցկացրած քննության մասին տեղեկություններ հայտնեց 2016 թվականի ընտրություններից օրեր առաջ, մեծապես նպաստեց հանրապետական թեկնածուի հաղթանակին:
Օրինակ ինչպես կոնգրեսական Էլիջահ Քամինգզն է ասում, Քոմին ցուցաբերել է երկակի չափանիշներ, երբ հրապարակայնորեն խոսել է Քլինթընի հետաքննության մասին, սակայն գաղտնի է պահել Ռուսաստանի հետ Թրամփի հարցով անցկացվող հետաքննության մանրամասները:
Հիշեցնենք, որ Թրամփը Քոմիին պաշտոնից ազատեց իր պաշտոնը ստանձնելուց հետո շատ չանցած: Փորձագետներից շատերն ասում են, թե այդպիսով Թրամփը ցանկանում էր կանգնեցնել ԱՄՆ-ի ընտրությունների վրա Ռուսաստանի դերն ուսումնասիրող հետաքննությունը: Այժմ Սպիտակ տունը հայտարարում է, թե Քոմիի հարցով հինգշաբթի օրը հրապարակված զեկույցն ապացուցում է դրա հակառակը:
Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսի խոսքերով, ‘’Այս զեկույցը վերահաստատում է Քոմիի գործունեության, ինչպես նաեւ այդ բյուրոյի որոշ անդամների քաղաքական կողմնակալության նկատմամբ նախագահի կասկածները’’:
Կոնգրեսի կողմից անցկացված հետաքննությունը եկել էր եզրահանգման, որ Ռուսաստանն իրոք միջամտել է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին, սակայն չի գտել ապացուցող փաստ, որ այդ միջամտությունն ազդել է ընտրությունների արդյունքի վրա:
Հանրապետականներն իրենց հերթին ասում են, թե Քլինթընի հարցով ՀԴԲ-ի զեկույցն էլ բացասաբար չի ազդել Քլինթընի վրա:
Ի դեպ, զեկույցը, որը կազմել է գլխավոր հետաքննիչ Մայքըլ Հորովիցը, նաեւ պարզել է, որ Հետաքննությունների դաշնային բյուրոյի պաշտոնական գործառույթների համար Քոմին կիրառել է իր մասնավոր էլեկտրոնային փոստի հաշիվը: