«Արմենպրես» - ի հաղորդմամբ, այս օրերին աշխատանքային այցով Ռուսաստանում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր տիկնոջ հետ Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում ներկա է գտնվել ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությանն ու հետևել Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի հավաքականների միջև առաջնության առաջին խաղին:
Բացի այդ, ՀՀ կառավարության լրատվական ծառայության տեղեկությամբ, աշխատանքային այցով Ռուսաստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ, որի ընթացքում քննարկվել են հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների զարգացմանն ուղղված մի շարք հարցեր, տնտեսության տարբեր ճյուղերում համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքն ու առաջիկա անելիքները:
Իր այցի շրջանակում վարչապետ Փաշինյանն այցելել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի Առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցին, ինչպես նաև Մոսկվայում Հայաստանի դեսպանությունում աշխատանքային ճաշ ունեցել տեղի հայ համայնքի, այդ թվում՝ գործարար հատվածի ներկայացուցիչների հետ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ վարչապետի լրատվական ծառայության տարածած մամլո հաղորդագրությունը, վարչապետ Փաշինյանը մասնակցել է նաև Մոսկվայի Հայրենական Մեծ պատերազմի կենտրոնական թանգարանում Խորհրդային միության հերոս, մարշալ Համազասպ Բաբաջանյանի կիսանդրու բացման արարողությանը: