Շաբաթ օրը Միջերկրական ծովում է հայտնաբերվել մարդկանցով չափից դուրս բեռնված մի նավ:
«Մենք կարող ենք 2-3 օրով ապահովել այդ մարդկանց սնունդը և ջուրը, սակայն մեր հիմնական մտահոգությունը այդ նավի գերբեռնվածությունն է: Մարդիկ քնում են տախտակամածի վրա, նրանք հոգնած են և թուլացած»,- ասում է Բժիշկներն առանց սահմանի կազմակերպության ներկայացուցիչ Ալոյս Վիմարդը:
Իսպանիայի իշխանությունները դրականորեն են արձագանքել Եվրամիության ու ՄԱԿ-ի Միջերկրական ավազանի երկրներին ուղղված խնդրանքին՝ ներգաթյալներին ժամանակավորապես ընդունելու վերաբերյալ մինչև նրանց մասին վերջնական որոշման կայացումը:
«Չեմ կարծում, որ սա Իտալիայի, Իսպանիայի կամ Հունաստանի խնդիրն է: Սա ամբողջ Եվրոպայի խնդիրն է: Եվրոպական խորհուրդը պետք է կայացնի հստակ որոշում համախմբվածության սկզբունքի ներքո, քանի որ չենք կարող աչք փակել այն խնդիրների վրա, որոնք կարգավորվում են ավելի մոտ գտնվողների կողմից»,- ասում է Իսպանիայի արտգործնախարար Ջոզեփ Բորելը:
Ավելի քան 600 հազար ներգաթյալներ վերջին 5 տարիների ընթացքում ծովային ճանապարհով հասել են Իտալիա: Մինչդեռ Իտալիայի իշխանությունները հրաժարվում են ընդունել ավելի շատ ներգաղթյալների:
Այս հարցում Եվրամիության քաղաքականությունը հայտնի է որպես «Դուբլինյան կանոնակարգ», ըստ որի եվրոպական տարածքում ապաստան փնտրողները պետք է դիմեն դրան Եվրամիության որևէ երկրում, ուր նրանք կժամանեն առաջինը: Այս կանոնը ծանր կացության մեջ է գցել Միջերկրական ծովի մի շարք երկրների, մասնավորապես Հունաստանին, Իտալիային և Մալթային, որոնք ամենամոտն են գտնվում աֆրիկյան մայրցամաքին: