«Այս անգամ շատ մեծ որակական տարբերություն կա», նշում է "Իրազեկ քաղաքացիների միավորում" ՀԿ-ի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը:
Հայաստանում իրավիճակ է փոխվել: Հենց այդ որակական փոփոխության մասին պատմելու նպատակով Երեւանից Վաշինգտոն էին ժամանել Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի խոսքով, փոփոխությունն անսպասելի էր բոլորի համար.
«Ինչպես մեզ համար է այս ամենը նորություն, այնպես էլ՝ միջազգային հանրության համար, եւ միջազգային հանրությունը հաճախ դժվարությամբ է պատկերացնում, թե ինչով կարող է աջակցել հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը»:
Այցի շրջանակներում հայկական ՀԿ-ների ներկայացուցիչները Միացյալ Նահանգների Պետքարտուղարությանը, Կոնգրեսին եւ միջազգային կազմակերպություններին ներկայացրել են Հայաստանին աջակցություն ցուցաբերելու նոր առաջարկներ: Հատկանշական է, որ արտերկրյա գործընկերներն իրենք էին հաճախ հետաքրքրվում, թե ինչով կարող են օգնել Հայաստանին, նշում է «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ի ղեկավար Գայանե Աբրահամյանը.
«Նաեւ մեր վերաբերմունքն է փոխվել: Այն բոլոր մեսիջները, որոնք նախկինում էին տալիս, բացարձակ տարբեր են այսօր, ասելիքն այլ է: Իսկապես, շատ ավելի հպարտ ենք, երբ Հայաստանի մասին խոսում են ոչ թե որպես կոռուպցիայի մեջ թաղված մի երկրի, այլ մի երկրի, որը զարգացման այլ ուղի է այլեւս որդեգրել»:
Transparency International Հայաստան կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանի կարծիքով, երկրի նոր կառավարությունն էապես տարբերվում է նախկինից.
«Այս կառավարությունն ակնհայտորեն տարբեր է ե՛ւ կոռուպցիայի դեմ պայքարի հետ կապված սկզբունքների, ե՛ւ հասարակության առջեւ պատասխանատվության, ե՛ւ հասարակության ներգրավման հետ կապված՝ որոշումների ընդունման գործընթացներում»:
Ստեղծված պայմաններում արտերկրյա օգնության արդյունավետությունն էլ այլ է, նշում է Դանիել Իոաննիսյանը.
«Եթե թրեյնինգ անել կոռումպացված պաշտոնյայի, ինքը դրանից չի դառնա ավելի ազնիվ, ինքը դրանից կդառնա ավելի կոմպետենտ եւ կարող է ավելի գրագետ ձեւով իր կոռուպցիան իրականացնել: Բայց, եթե թրեյնինգ անել բարեխիղճ պաշտոնյայի, ապա կարելի է շատ լավ արդյունք ստանալ»:
«Թավշյա հեղափոխությունն» ու նոր կառավարությունն իրենց հետ նաեւ նոր միջավայր են բերել, միջավայր, որտեղ Հայաստանին հատկացվող արտերկրյա օգնությունը կարող է երկրին իրական օգուտ տալ: