Facebook ընկերությունը կրկին ենթարկվել է քննադատության այն բանից հետո, երբ պարզվել է, որ սոցիալական ցանցը չինական սմարթֆոններ արտադրող ընկերություններին է տրամադրել օգտատերերի տվյալները: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Facebook-ի հիմնադիր ու ղեկավար Մարկ Ցուկերբերգը ստիպված էրպատասխանել ԱՄՆ-ի օրենսդիրների կոշտ հարցադրումներին՝ Լոնդոնում գտնվող Cambridge Analytica ընկերությանը 87 միլիոն օգտատերերի մասին տեղեկություններտրամադրելու վերաբերյալ:
Մասաչոսեթս նահանգից դեմոկրատ սենատոր Էդ Մարքին նշել է, որ Ցուկերբերգը պետք է բացատրություններ տա, թե ինչու է իր ընկերությունն ամերիկացի քաղաքացիների անձնական տվյալները փոխանցել չինական ընկերություններին: Նա կոչ է արել տեխնոլոգիական ընկերություններին, ներառյալ Facebook-ին ավելի թափանցիկ մոտեցում որդեգրել:
Facebook-ն արձագանքել է՝ ընդգծելով, որ տասնյակ ընկերությունների, ներառյալ չինական հայտնի Huawei ընկերությանը նման տեղեկություն տրամադրվում է տարիներ ի վեր: Դրա միջոցով օգտատերերը հնարավորություն են ստանում օգտվելու սոցիալական ցանցից: Ընկերությունը պնդում է, որ ամբողջապես պահպանել է վերահսկողությունը տվյալների փոխանցման հարցում:
Քննադատների կարծիքով Facebook-ը կրկին հայտնվել է դժվարին իրավիճակում, քանի որ կանգնած է երկընտրանքի առջև՝ մի կողմից օգտատերերի անձնական տվյալների պաշտպանության, իսկ մյուս կողմից արտադրողներին դրանք տրամադրելու անհրաժեշտության առումով: Միևնույն ժամանակ, ըստ քննադատների, յուրաքանչյուր օգտատեր պետք է գիտակցի, որ սոցիալական ցանցերին տրամադրած անձնական որևէ տեղեկություն հասանելի է դառնում ոչ միայն մարդկանց մի փոքր խմբին, այլ ողջ հանրությանը: