Իսպանիայում վարչապետի պաշտոնը ստանձնում է ընդդիմադիր սոցիալիստական կուսակցության առաջնորդ Պեդրո Սանչեզը։ Այս մասին հայտարարվեց այն բանից հետո, երբ խորհրդարանն ուրբաթ օրը անվստահություն հայտնեց վարչապետ Մարիանո Ռահոյին։
Ռահոյին անվստահության քվե է հայտնել 18Օ պատգամավոր, նրան աջակցություն հայտնել՝ 161-ը։
Քվեարկությունից հետո Ռահոյը մոտեցել է Սանչեզին եւ սեղմել նրա ձեռքը։ Սա առաջին դեպքն է անցած 4Օ տարիների ընթացքում, որ Իսպանիայում վարչապետը պաշտոնանկ է արվում խորհրդարանի կողմից։
197Օ-ականներին Իսպանիայում Ֆրանցիսկո Ֆրանկոյի բռնակալության տապալումից եւ այստեղ ժողովրդավարական կարգեր հաստատվելուց ի վեր Սանչեզն այսպիսով դառնում է այս երկրի 7-րդ վարչապետը։
Ռահոյն այս պաշտոնում երկիրը ղեկավարել էր 6 տարի եւ առաջին իսկ օրվանից հայտնվել ուժեղ քննադատությունների ներքո։ Նրա դիրքերը լիովին թուլացան, երբ անցյալ շաբաթ կոռուպցիայի մասին մեղադրանքներ ներկայացվեցին նրա աջ-կենտրոնամետ Ժողովրդական կուսակցության մի շարք անդամների դեմ։
Մարիանո Ռահոյը քարացած ժպիտով մոտեցավ խորհրդարանում իր աջակիցներին, որոնք նրան վերջին անգամ հրաժեշտ տվեցին այս պալատում, ուղեկցելով մինչեւ խորհրդարանական ավտոմեքենան։ Հավաքվածները, որոնք մինչ այդ բացականչում էին ուրախությունից, Ռահոյին տեսնելով, սկսեցին վանկարկել ՝՝Հեռացիր՛՛ կոչը։ Նրանք իրենց հետ էին բերել պաստառներ, որոնց վրա գրված էր.՝՝Ժողովրդական կուսակցությունը կոռումպացնում է Իսպանիան 199Օ թվականից՛՛։
46-ամյա Սանչեզը վարչապետի պաշտոնը կստանձնի Ֆիլիպ 6-րդ արքայի առջեւ շաբաթավերջին երդում տալուց հետո, որից հետո կկազմի նոր կառավարություն։ Նրա կուսակցությունը, որը խորհրդարանում ունի միայն 84 աթոռ, պիտի մեծ ջանք ներդնի կառավարություն կազմելու համար։
Սանչեզին պաշտպանել են Բասքերի երկրի ու Կատալոնիայի ազգայնականները, սակայն պարզ չէ, թե արդյոք նրանք կշարունակեն աջակցությունը կառավարություն կազմելու գործում, թե ոչ։