ԱՄՆ-ի իրավապահները մեղադրանք են ներկայացրել միջազգային խորհրդատվական «Technical Advisor» ինժեներական ընկերության երկու աշխատակիցներին՝ նրանց մեղադրելով փողերի լվացման ու օտարերկրյա պաշտոնյաների կաշառելու մեջ: Ըստ իրավապահների՝ այդ ընկերության աշխատակիցները ցանկացել են կաշառքի միջոցով ապահովել ԱՄՆ-ի Օհայո նահանգում գործող Rolls-Royce ընկերության դուստր ձեռնարկության պայմանագրի կնքումը, որով ընկերությունը կստանար հնարվորություն անհրաժեշտ սարքավորումներ մատակարարել ու ծառայություններ մատուցել Ղազախստանից Չինաստան գազատարի կառուցման ընկերությանը ՝ Asia Gas Pipeline-ին:
Ըստ ԱՄՆ-ի արդարադատության նախարարության տարածած մամլո հաղորդագրության, մեղադրվողներից մեկը Հայաստանի 62-ամյա քաղաքացի Ազատ Մարտիրոսյանն է: Վերջինս 1997-2001 թվականներին զբաղեցրել է Չինաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնը: Մեղադրվող մյուս աշխատակիցն է Ռուսաստանի քաղաքացի, 59 ամյա Վիտալի Լեսկովը: Մեղադրանք է ներկայացվել նաև «Գրավիտաս» ընկերության հիմնադիր, 70 ամյա Հունաստանի քաղաքացի Պետրոս Կոնտոգուրիսին, ում դեմ գործ էր հարուցվել դեռևս 2017 թվականի հոկտեմբերին: Բոլոր երեք մեղադրվողներնեը գտնվում են ԱՄՆ-ից դուրս:
Ըստ մեղադրական եզրակացության, մեղադրվող եռյակը՝ Կոնտոգուրիսը, Մարտիրոսյանն ու Լեսկովը Rolls-Royce-ի աշխատակիցների ու ղեկավարների ներգրավմամբ մշակել ու իրականացրել են կոռուպցիոն մի սխեմա, որի շրջանակում Rolls-Royce ընկերությունը վճարումներ է կատարել խորհրդատվական ընկերությանը՝ տեղյակ լինելով, որ դրանց մի հատվածը նախատեսվում է օտարերկրյա պաշտոնյաների կաշառելու համար:
Հիշեցնենք, որ Asia Gas Pipeline-ը ստեղծվել է Կենտրոնական Ասիայից Չինաստան գազատար կառուցելու նպատակով: «Technical Advisor» ընկերությունը, որտեղ աշխատում էին Մարտիրոսյանն ու Լեսկովը, անկախ խորհրդատվություն ու այլ ծառայություններ է մատուցել Asia Gas Pipeline-ին:
ԱՄՆ-ի դատախազ Բենյամին Գլասմանն այս գործի առնչությամբ ընդգծել է. «Այս մեղադրանքները ցույց են տալիս մեր պատրաստակամությունը հետապնդելու բոլոր նրանց, ովքեր ներգրավված են օտարերկրյա կոռումպացված գործարար գործունեության մեջ: Օտարերկրյա գործիչները պետք է մի քանի անգամ մտածեն նախքան որևէ կոռուպցիոն գործարք իրականացնելը, քանի որ Միացյալ Նահանգները կարող է և կբացահայտի նման սխեմաներն ու դրանք իրականացնողներին»: