Միավորված ազգերի կազմակերպության միջուկային հարցերով զբաղվող գործակալությունը տեղեկացնում է, որ Իրանը հավատարիմ է մնում միջուկային իր ծրագիրը սահմանափակելու մասին 2015 թվականին կնքված համաձայնագրով ստանձնած պարտավորությանը:
Սա Ատոմային էներգիային միջազգային գործակալության առաջին զեկույցն է այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը Միացյալ Նահանգները դուրս բերեց Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրից:
Ըստ միջազգային գործակալության այս զեկույցի, Թեհրանը հարգում է ուրանի հարստացման, հարստացված ուրանի կուտակումների եւ այլ հարցերի շուրջ իրեն տրված սահմանափակումները:
Սակայն ՄԱԿ-ի գործակալությունը քննադատում է Իրանին լրացուցիչ ստուգումներ անցկացնելու հարցում սահմանափակումներ իրականացնելու համար:
ՄԱԿ-ի այս զեկույցը հրապարակվում է այն ժամանակ, երբ Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է կիրառում ընդդեմ Իրանի, փորձելով ստիպել Իսլամական Հանրապետությանը հետ վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջը` միջուկային համաձայնագրում նոր պայմանների, բալիստիկ հրթիռների փորձարկումները կրճատելու եւ Մերձավոր Արեւելքում ռազմական առաջխաղացումը դադարեցնելու շուրջ բանակցելու համար:
Միացյալ Նահանգները հայտարարում է, թե վերսկսելու էԻրանի դեմ այն պատժամիջոցները, որոնք հանվել էին, երբ Թեհրանը համաձայնել էր կրճատել միջուկային իր ծրագիրը: Սակայն համաձայնագիրը ստորագրած մյուս կողմերը` Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Չինաստանն ու Ռուսաստանը հայտարարում են, որ շարունակում են պաշտպանել Իրանի հետ կնքված գործարքը: