Ջինա Հասփելը երկուշաբթի օրը երդում տվեց ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենի պաշտոնում: Արարողությունն անցկացվեց Վաշինգտոնի հարեւանությամբ գտնվող Վիրջինիա նահանգում տեղակայված ԿՀՎ-ի գլխավոր մասնաշենքում:
Հասփելն այս պաշտոնում կին առաջին ղեկավարն է, ինչն ըստ նրա, մեծ հպարտության առիթ է իր համար:
‘’Ես կանգնած եմ այն հերոս կանանց թիկունիքին, որոնք երբեք չեն ձգտել հասարակական գովասանքի, այլ ծառայել են, դառնալով ոգեշնչման առարկա հաջորդ սերունդների համար’’, ասել է Հասփելը երդումից հետո:
ԱՄՆ-ի Սենատը Ջինա Հասփելին անցած հինգշաբթի օրն էր հաստատել Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենի պաշտոնում, երբ մտավախություններ կային, որ կարող էր չհաստատվել, քանի որ պաշտպանել է հարցաքննությունների ժամանակ դաժան միջոցների դիմելու ԿՀՎ-ի վարքագիծը:
Հարյուր սենատորներ ընդգրկող Սենատում նրա օգտին էր քվեարկել օրենսդիրներից 54-ը, դեմ`45-ը:
ԿՀՎ-ի փոխտնօրեն Հասփելին այս պաշտոնին էր մարտ ամսին նշանակել նախագահ Թրամփը, երբ տնօրեն Մայք Փոմփեոն նշանակվեց երկրի պետքարտուղար: Մինչ երդմնակալությունը, Հասփելը ԿՀՎ-ը ղեկավարել է որպես տնօրենի պաշտոնակատար: