Թրամփը հավատում է, որ Իրանը կբանակցի նոր գործարքի շուրջ

Your browser doesn’t support HTML5

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հավատացած է, որ Իրանը նոր բանակցություններ կսկսի միջուկային ծրագրի շուրջ, հակառակ Թեհրանից հնչող հռետորաբանությանը։ Նրա խոսքերով, Միացյալ Նահանգներն Իրանի դեմ սկսելու է այնպիսի խիստ պատժամիջոցներ, ինչպիսիք մինչ այժմ չեն գործածվել որեւէ երկրի նկատմամբ:

Իրանում ուսանողներն ԱՄՆ-ի նախկին դեսպանատան առջեւ այս օրերին այրում են ամերիկյան դրոշներ ու հայտարարում, որ միջուկային հարցերով 2Օ15 թվականին կնքված գործարքի արդյունքում իրենց կյանքի չի էլ բարելավվել, եւ եթե սկսվեն նոր պատժամիջոցներ ԱՄՆ-ի կողմից, իրավիճակն ավելի չի վատթարանա։
Իսկ ահա Իրանի առաջնորդն ասում են, որ գործարքից ԱՄՆ-ը դուրս բերելու Դոնալդ Թրամփի որոշման պատճառով, իրենք վերսկսելու են ուրանի հարստացման ծրագիրը։ Թրամփը վստահ է սակայն, որ Թեհրանը կհամաձայնի մի նոր գործարքի համար նստել բանակցությունների սեղանի շուրջ։

՝՝Ես էլ եթե լինեի, նրանց նման առաջին մի քանի ամիսների ընթացքում կասեի, որ չեմ բանակցելու։ Սակայն ի վերջո նրանք գալու են բանակցությունների՛՛, ասել է Թրամփը։

Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ այո, Իրանը կհամաձայնի քննարկել մի նոր պայմանագիր, քանի որ, ասում են նրանք, այդ երկրի իշխանություններն այսօր ավելի թույլ են, քան 2ՕՕ9 թվականին, երբ սկսվեցին բանակցությունները։

Վերլուծաբաններից Ալիռեզա Ջաֆարզադեհն ասում է, թե ՝՝Նրանք այսօր խոցելի են եւ շատ են վախենում սեփական ժողովրդից։ Չէ որ ժողովրդի զայրույթը կարող է խորանալ։ Մարդիկ կարող են ասել, որ դուք չեք լուծել մեր խնդիրները՛՛։

Իրանի հետ 2Օ15-ին կնքված գործարքի քննադատներն ասում են, որ այն չի վերահսկում բալիստիկ հրթիռների ծրագիրը, ոչ էլ գործարքում խոսք կա Իրաքի, Սիրիայի, Եմենի ու Լիբանանի ծայրահեղական խմբավորումներին Իրանի աջակցության մասին։

ԱՄՆ-ի դաշնակից Մեծ Բրիտանիան, Գերմանիան ու Ֆրանսիան գտնում են, որ ավելի լավ է ունենալ Իրանի միջուկային զենքերի ծրագիրը կասեցնելու մասին պայմանագիր, քան չունենալ ընդհանրապես որեւէ պայմանագիր։

Ինչպես Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն է ասել, ինքը ցավում է ԱՄՆ-ի նախագահի կայացրած որոշման համար։ ՝՝Մենք՝ եվրոպացիներս որոշել ենք հարգել պայմանագիրը, եվ ես անձամբ եմ տեղեկացրել Իրանի նախագահ Հասան Ռուհանիին այդ մասին։ Կնքված պայմանագիրն Իրանի միջուկային գործունեությունը մինչեւ 2Օ25 թվականը վերահսկողության տակ առնելու լավագույն եղանակն է՛՛։


Հիմա, նախքան Կորեական թերակղզին ապամիջուկայնացնելու շուրջ Հյուսիսային Կորեայի հետ բանակցությունները շատերը կարող են հարց տալ, թե որքան վստահելի է ԱՄՆ-ը, եթե այն այսօր միակողմանիորեն դուրս է գալիս իր իսկ կողմից ստորագրված պայմանագրից։ Կա նաեւ այն կարծիքը սակայն, որ Իրանի հետ կնքված գործարքից դուրս գալով Ամերիկան ուղերձ է հղում Հյուսիսին, որ Վաշինգտոնը նախընտրում է ընդհանրապես պայմանագիր չունենալ, քան ունենալ վատը։