«Առաջիկա օրերը հայ ժողովրդի համար պատմական հնարավորություն են ստեղծում», - իր հայտարարության մեջ նշել է ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների ներկայացուցիչ Հարրի Քամյանը:
«Կոչ ենք անում բոլոր կողմերին ներգրավվել կառուցողական երկխոսության մեջ՝ Հայաստանի Սահմանադրության օրինական շրջանակներում: Ակնկալում ենք սերտ համագործակցել նոր կառավարության հետ՝ մեր երկու երկրների համատեղ շահերի շուրջ: Որպես Հայաստանի բարեկամ եւ գործընկեր՝ ողջունում ենք հայ ժողովրդին, որն իր ինքնիշխան ապագան կերտում է ժողովրդավարական եւ խաղաղ միջոցներով, երկխոսության ճանապարհով»:
Միացյալ Նահանգները ողջունում է նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարական տալու որոշումը, նշում է Հարրի Քամյանը:
«Մենք ծափահարում ենք թե՛ ոստիկանությանը եւ թե՛ նրանց, ովքեր օգտվում են խաղաղ ցույցերի իրենց իրավունքից: Բոլոր կողմերը զսպվածություն ցուցաբերեցին՝ երաշխավորելով, երկու շաբաթների իրադարձությունների հիմնականում խաղաղ եւ առանց բռնությունների ընթացքը»:
Միացյալ Նահանգները շարունակում է կոչ անել բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել եւ խուսափել բռնությունների ցանկացած դրսեւորումներից: Հարրի Քամյանն ընդգծում է, որ ԱՄՆ-ում նկատել են Հայաստանի իշխանությունների որոշումը՝ հետաքննել լրագրողների եւ ցուցարարների դեմ բռնությունների դեպքերը եւ ակնկալում են, որ այդ դրվագների շուրջ լիարժեք եւ թափանցիկ հետաքննություն կանցկացվի:
«Մենք նաեւ կոչ ենք անում Հայաստանին շարունակել համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ:
Հայաստանի այսօրվա նախաձեռնությունը՝ ԵԱՀԿ Մշտական խորհուրդին երկրում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ տեղեկացնելու վերաբերյալ դրական քայլ ենք գնահատում: Հայաստանյան Համագործակցության Ծրագիրը ԵԱՀԿ-ին տալիս է երկրին աջակցելու կարեւոր հնարավորություն եւ Միացյալ Նահանգները պատրաստ է ԵԱՀԿ-ի միջոցով հավելյալ աջակցություն տրամադրել», - ասված է ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցչի հայտարարության մեջ: