Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունը Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական փոփոխություններին և Սերժ Սարգսյանի հրաժարականի վերաբերյալ Ամերիկայի ձայնին փոխանցած իր հայտարարության մեջ նշել է.
«Մենք շնորհակալություն ենք հայտնում վարչապետ Սարգսյանին իր երկար տարիների ծառայության և հայ-ամերիկյան գործակցությունն ամրապնդելու իր գործունեության համար:
Հուսով ենք,որ նրա հաջորդին որոշելու ժողովրդական գործընթացը կիրականացվի թափանցիկ եղանակով`համաձայն Հայաստանի օրենքների ու ստանձնած միջազգային պարտավորությունների: Սպասում ենք նոր կառավարության հետ սերտ համագործակցությանը:
Մենք շարունակում ենք մոտիից հետևել Հայաստանում տիրող իրադրությանը և բոլոր կողմերին հորդորում ցուցաբերել զսպվածություն, խուսափել իրադրության սրումից և բռնի որևէ գործողությունից», -ասված է Պետքարտուղարության հայտարարության մեջ:
Անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական զարգացումներին՝Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան է իր ֆեյսբուքյան էջում գրել է:
«Ժողովուրդ, որն ունի անգամ իր պատմության ամենաբարդ պահերին չմասնատվելու և միմյանց հանդեպ հարգանքը պահպանելու ուժ՝ չնայած արմատական տարաձայնություններին, մեծ ժողովուրդ է։ Հայաստան, Ռուսաստանը միշտ քեզ հետ է», - գրել է Զախարովան։
Ավելի ուշ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հեռախոսազրույց են ունեցել՝ռուսական կողմի նախաձեռնությամբ:
Կարապետյանն ու Մեդվեդդևը քննարկել են Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները և հայ-ռուսական հարաբերությունների ընթացիկ հարցերը և: Դմիտրի Մեդվեդևը աջակցություն է հայտնել բարեկամ հայ ժողովրդին և ընդգծել սահմանադրական իրավական դաշտում իրավիճակի պահպանման կարևորությունը:
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել և տեսաուղերձ հրապարակել՝ շնորհավորելով հայ ժողովրդին ընդվզման արդյունքում տարած հաղթանակի՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի համար.
«Շնորհավորում եմ հայ ժողովրդին, կեցցեք։ Բրավո՛, Փաշինյան: Ես վերջնականապես համոզվեցի, որ Հայաստանը մեծ ապագա ունի», - ասվում է տեսաուղերձում: