Քոմիի կարծիքով Թրամփը բարոյապես չի համապատասխանում նախագահի պաշտոնին

Ամերիկյան քաղաքական դաշտը շարունակում է մնալ լարված ՝ կապված վերջերս նախագահ Թրամփի հասցեին Ջեյմս Քոմիի արած մեկնաբանության: Սպիտակ տունը հակազդել է Քոմիին։

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է թվիթերյան գրառումների միջոցով քննադատել Հետաքննությունների Դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Ջեյմս Քոմիին, ում նախկինում հեռացրել էր զբաղեցրած պաշտոնից:

ABC հեռուստաընկերության եթերում վերջինս չէր բացառել, որ նախագահ Թրամփը չարաշահել էր իր պաշտոնը՝ խնդրելով Քոմիին մեղմ վարվել իր խորհրդական Մայքլ Ֆլինի հետ:

«Նա խնդրում է ինձ դադարեցնել քրեական գործի հետաքննությունը՝ կապված իր ազգային անվտանգության նախկին խորհրդականի հետ: Ես ընկալեցի նրա խոսքերը որպես ուղղորդում: Նրանց իմաստն էր՝ հուսամ հանգիստ կթողեք նրան»,- ասել է Քոմին ABC News-ի հետ զրույցում:

Իր հարցազրույցում Քոմին նաև ընդգծել է, որ Թրամփը որոշ առումներով չի համապատասխանում իր զբաղեցրած պաշտոնին:

«Չեմ կարծում, որ նա մտավոր խնդիր ունի նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար: Կարծում եմ նա միջինից բարձր մտավոր ունակությունների տեր մարդ է: Սակայն նրա բարոյական կերպարը չի համապատասխանում նախագահի պաշտոնին»,- նշել է Քոմին:

Սպիտակ տունն արձագանքեց Քոմիի մեկնաբանություններին: Արձագանքողների թվում էր Թրամփի խորհրդական Քելանի Քոնվեյը, ով քննադատեց Քոմիին ու ընդգծեց, որ նախագահը շատ քիչ էր ճանաչում վերջինիս:

Սպիտակ տան արձագանքը կրկին մտահոգություններ առաջացրեց դեմոկրատների ու որոշ հանրապետականների շրջանակում՝ կապված Ռուսաստանի միջամտության գործը հետաքննող Ռոբեր Մյուլերին պաշտոնից հեռացնելու հավանականության հետ:

«Եթե նախագահը փորձ անի խանգարել կամ խառնվել ընթացող հետաքննությանը, ապա նրա գործողությունները կընկալվեն որպես մեղավոր մարդու գործողություններ, ով գիտակցում է, որ մեղավոր է և վախենում արդար հետաքննությունից»,- ասում է դեմոկրատ կոնգրեսական Ջերոլդ Նադլերը:

Փորձագիտական շրջանակները ևս կարծում են, որ Մյուլերի դեմ որևէ գործողություն կարող է քաղաքական մեծ աղմուկ բարձրացնել:

«Իհարկե, իրավական առումով նախագահը կարող է դա անել, սակայն կարծում եմ, որ այն իրավիճակում, որի մեջ գտնվում է այժմ նախագահը, անգամ իր կուսակիցներն ու Կոնգրեսի անդամների մեծ մասը խորհուրդ չեն տա անել դա, քանի որ, ըստ նրանց, դա կարող է բերել ճգնաժամի»,- ասում է Ջոհն Ֆորթիերին Bipartisan Policy կենտրոնից:

Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ ամերիկացիների մեծամասնությունը ցանկանում է, որ Մյուլերն ավարտի իր հետաքննությունը՝ կապված այն հարցի հետ, թե արդյոք Թրամփի քարոզչական թիմը համագործակցել է Ռուսաստանի հետ 2016 թվականի նախագահական ընտրությունների օրերին: