Սիրիայի շուրջ հակասությունները խորանում են

Your browser doesn’t support HTML5

ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի իշխանությունները պաշտպանում են ուրբաթ օրը Սիրիայի ուղղությամբ իրենց կողմից իրականացված օդային գրոհները: Սիրիայի նախագահը դա անվանում է ագրեսիա ընդդեմ իր երկրի: Ռուսաստանը սպառնում է, որ նման գործողությունների շարունակումը քաոս առաջ կբերի աշխարհում:

ԱՄՆ-ի Սպիտակ տունը կրկնում է նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերը, որոնց համաձայն, ‘’առաքելությունն իրականացված է’’: Խոսքը Սիրիայի դեմ օդային գրոհների մասին է, որոնք ուղղված էին, ինչպես Պետդեպարտամենտի խոսնակն է ասում, ընդդեմ քիմիական զենքերի պահեստների:
Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսն էլ ավելացնում է, թե ‘’Այն մի ուժեղ ուղերձ էր` ուղղված Սիրիային, Ռուսաստանին ու Իրանին այն մասին, որ երբ այս նախագահը գծում է կարմիր գիծ, նա ամրապնդում է այդ կարմիր գիծը’’:
Նրա խոսքերով, Թրամփը նաեւ ուզում է զսպել այս տարածաշրջանում Իրանի ազդեցությունը:

Սիրիան ու նրա դաշնակից Ռուսաստանը հերքում են Դոուհայում թունավոր գազ կիրառելու մասին ԱՄՆ-ի մեղադրանքները: Նման կարծիքի են Արաբական աշխարհի այլ հատվածներում: Իսկ Եվրոպայում հարցականի տակ են դնում իրականացված ռազմական գործողությունների օրինականությունը:
Ինչպես Ֆրանսիայի խորհրդարանի անդամներից Քրիստիան Ժաքոն է ասում, ‘’Ես կասկածամտորեն եմ նայում առանց ՄԱԿ-ի մանդատի ներխուժում իրականացնելու փաստին: Սա կարող է հետեւանքներ ունենալ Ֆրանսիայի հեղինակության վրա’’:

Եվրոպական երկրների արտգործնախարարներն ու Ֆրանսիայի խորհրդարանը քննարկում են այս հարցը, սակայն ըստ վերլուծաբանների, հարցականի տակ չեն դնում ԱՄՆ-ի ռազմական գործողություններին միանալու Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի որոշումները: Եվրոպայի մի շարք առաջնորդներ, այդ թվում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելը ռազմական գործողությունն անհրաժեշտություն են անվանել: Նրանք այժմ ցանկանում են միասնաբար քննարկել Սիրիայի դաշնակից Ռուսաստանի նկատմամբ իրենց կողմից իրականացվելիք նոր քայլերը:

Ֆրանսիայի նախագահ Էմանունել Մակրոնի խոսքերով, սակայն, հարյուր հրթիռների արձակումը պատերազմական գործողություն չէր, այլ քիմիական հարձակման պատասխան: Մակրոնն ասել է նաեւ, թե ինքը համոզել է Թրամփին ավելի երկար ժամանակ պահել իր զորքերը Սիրիայի տարածքում:

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Նիքի Հեյլին հայտարարում է, թե Ռուսաստանը պարբերաբար խափանում է Սիրիայում քիմիական զենքերի ստուգումներ անցկացնելու Անվտանգության խորհրդի ջանքերը:
Ռուսաստանի նախագահ Պուտինը, խոսելով Իրանի իր պաշտոնակից Ռուհանիի հետ, ասել է, թե հետագա նման որեւէ գործողություն առաջ կբերի քաոս համաշխարհային հարաբերություններում: Արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ հարց է տվել, թե ինչու ԱՄՆ-ը ու նրա դաշնակիցները գրոհներ իրականացրին տեղում ստուգումներ անցկացնելուց մեկ օր առաջ:

Չնայած այն հանգամանքին, ասում են փորձագետները, որ Վաշինգտոնն ու Եվրոպայի նրա դաշնակիցները համախմբված են իրականացված ռազմական հարձակումների հարցում, հետագա քայլերի շուրջ համաձայնությունը երաշխավորված չի կարող լինել: