Խուզարկվել է նախագահ Թրամփի փաստաբանի գրասենյակը

Դեռևս պարզ չէ, թե արդյոք նախագահ Թրամփը մտադրված է հեռացնել Ռոբերտ Մյուլերին զբաղեցրած պաշտոնից: Վերջինիս գլխավորած հետաքննության շրջանակում խուզարկվել է նախագահ Թրամփի փաստաբանի գրասենյակը

Նախագահ Դոնալդ Թրամփը խիստ դատապարտել էր Մյուլերի հետաքննության գործունեությունը, որը խուզարկման էր ենթարկել իր փաստաբան Մայքլ Քոհենի գրասենյակը: Նախագահն այդ գործողությունները որակել է «հարձակում երկրի դեմ»:

«Ինչու՞ պաշտոնից չազատեմ Մյուլերին: Կարծում եմ այն, ինչ տեղի է ունենում, ամոթալի է: Չափազանց տխուր իրավիճակ է, երբ տեսնում ես, թե ինչ է կատարվում: Շատ մարդիկ խորհուրդ են տալիս հեռացնել նրան: Նրանք այդպես էլ ոչինչ չհայտնաբերեցին» , - ասել է նախագահ Թրամփը:

Սակայն հետաքննությունը շարունակվում է: Հետաքննության ղեկավար Ռոբերտ Մյուլերը չի անում որևէ մեկնաբանություն այս առիթով:

Ինչպես հաղորդում է The Washington Post թերթը, հիմնվելով լավատեղյակ աղբյուրների վրա, այս պահին փաստաբան Մայքլ Քոհենի նկատմամբ իրականացվում է դաշնային հետաքննություն ֆինանսական խարդախությունների և քարոզարշավի ֆինանսավորման խախտման կասկածներով:

Հետաքննությունների դաշնային բյուրոն երկուշաբթի օրը խուզարկել է Քոհենի գրասենյակը Նյու Յորքում և առգրավել որոշ փաստաթղթեր, ներառյալ Թրամփի ու ամերիկացի պոռնոաստղ Սթորմի Դենիելսի սիրավեպի մասին նյութերը:

Հիշեցնենք, որ փաստաբան Քոհենը ամերիկյան պոռնոաստղի լռության դիմաց վճարել է 130 հազար ԱՄՆ դոլար նախքան 2016 թվականի նախագահական քարոզարշավը:

Նախագահ Թրամփն ասել է, որ ինքը տեղյակ չի եղել վճարման մասին:

Որոշ իրավաբանների կարծիքով այդ վճարումը անօրինական է, քանի որ կատարվել է քարոզարշավի համար նախատեսված միջոցներից: