Կոնգրեսը երեքշաբթի օրը լսելու է ‘’Ֆեյսբուք’’-ի գործադիր տնօրենին

‘’Ֆեյսբուք’’ սոցցանցի գործադիր տնօրեն Մարք Ցուքերբերգը ներողություն է հայտնել իր խոսքերով ասած, ‘’վստահության կորստի’’ համար: Երեքշաթբի օրը նա հանդես է գալու Կոնգրեսի առջեւ, սակայն դեռեւս պարզ չէ, թե արդյոք այս լսումների արդյունքում փոփոխություն կենթարկվի մարդկանց գաղտնիության իրավունքները պաշտպանելու հարցում, թե ոչ:

Մարք Ցուքերբերգը միշտ էլ ընդունել է իր սխալները: Սակայն ընկերության ոչ բոլոր պատասխանատուներն են ընդունում դրանք:

87 միլիոն օգտատերերի անհատական տվյալները վերջերս Քեմբրիջ Անալիթիկայի կողմից շահագործվելու փաստի առնչությամբ ընկերության մի շարք պաշտոնյաներ ասում են, թե օգտատերերն իրենք են որոշել իրենց տվյալները հասանելի դարձնել համացանցում:

Ինչպես պաշտոնյաներից Շերիլ Սենդբերգն է ասում, ‘’Խնդիրը կապված է հենց այն տեղեկությունների հետ, որոնք օգտատերերն իրենք են տեղադրել ‘’Ֆեյսբուքի’’ հրապարակային էջում’’:

Հենց նման խնդիրների ու դրանք արդարացնելու փաստերի մասին է սկսվելու լսումներ ԱՄՆ-ի Կոնգրեսում:

Ինչպես Ժողովրդավարության եւ տեխնոլոգիայի կենտրոնի վերլուծաբան Ջոզեֆ Ջերոմն է ասում, ‘’Միացյալ Նահանգներում այն ինչ տեղի է ունենում առցանց էջերում, այդ թվում ‘’Ֆեյսբուք’’-ում, ամեն ինչ կառավարվում է ինքնուրույն: Եվ ստուգումները եւ օրենքների կիրառումը ոչ միշտ է տեղի ունենում գերմաքուր ձեւերով’’:

Դա նշանակում է, որ տեխնոլոգիական ընկերությունները միշտ էլ համեմատաբար փոքր գին են վճարում իրենց սխալ արարքների համար:

‘’ԱՄՆ-ի առեւտրի դաշնային հանձնաժողովը ‘’Գուգլ’’-ին տուգանեց քսան միլիոն դոլար: Սակայն սա այս ընկերության միայն կես օրվա եկամուտն է: Այնպես որ, նման տուգանքները իրենց բիզնեսը նման կերպ շարունակելու գինն է’’, ասում է Ջերոմը:

Ինչպես Սենդբերգն է ասում, իրենք հավատում էին, որ մի օր մարդիկ իրենց տեսակետներն ու տվյալներն իրար կներկայացնեն անկաշկանդ ձեւով: Ու մենք չէինք ենթադրում, որ դրանից մի օր վատ բան դուրս կգար, ասում է նա:

Իսկ երբ գա երեքշաբթին, նրանք ստիպված կլինեն այդ մասին խորհել շատ ավելի խորը: