Անվտանգությունն` ավելի մեծ վտանգի տակ, քան Սառը պատերազմի տարիներին

Your browser doesn’t support HTML5

Մոսկվայում անցկացված անվտանգության վեհաժողովի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասաց, թե ռուս նախկին լրտես Սկրիպալի դեմ գազային հարձակումը բեմականացում էր ռուս դիվանագետներին անհիմն ու զանգվածային կերպով վտարելու համար:

Ռուսաստանը հայտարարում է, թե միգուցե Մեծ Բրիտանիան է հարձակումն իրականացրել` Ռուսաստանին թիրախավորելու համար եւ նախազգուշացնում նոր Սառը պատերազմ սկսվելու վտանգի մասին:

Սերգեյ Լավրովի խոսքերով, ‘’Ռուսաստանը կպաշտպանի իր շահերը, ինքնիշխանությունը եւ անկախությունը նպատակաուղղված ու արդյունավետ եղանակով` մեր տրամադրության տակ գտվնող բոլոր միջոցներով’’:

Ռուսաստանի ռազմական ուժերը, ըստ մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունների, կործանարար ազդեցություն են ունեցել Սիրիայում: Սակայն անվտանգության հարցերով Մոսկվայի վեհաժողովի ժամանակ ռուս գեներալ Սերգեյ Ռուցկոյի խոսքերով, իր երկրի ուժերը շրջադարձ են իրականացրել Սիրիայի պատերազմում:
‘’Ռուսաստանի օդային ուժերի գործողությունների հետեւանքով Սիրիայում ԴԱԵՇ խմբավորումն այլեւս գոյություն չունի’’:

Իրանի պաշտպանության նախարար Ամիր Հաթամիի խոսքերով, ԴԱԵՇ-ը շարունակում է կրել կործանարար դեր: ‘’Իրանի Իսլամական Հանրապետությունը իր պաշտպանական կարողություններն ամրապնդելու ու հատկապես հրթիռային համակարգին զարկ տալու հարցը համարում է իր օրինական իրավունքը’’:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի հրթիռային ծրագիրը համարում է 2015 թվականին կնքված գործարքի ոտնահարում ու սպառնում վերսկսել պատժամիջոցները:

Իսկ Ռուսաստանն ու Չինասատանը համատեղ կերպով դատապարտում են Միացյալ Նահանգներին, համաշխարհային դիվանագիտության բնագավառում, իրենց խոսքերով ասած, ‘’ժխտողական ու միակողմանի դիրքորոշման մեջ’’:

Այնպես որ, ասում է Հենրի Ջեքսընի անվան հաստատության վերլուծաբան Էնդրու Ֆոքսելը, ‘’Մոսկվայի անվտանգության հարցերով վեհաժողովը երկխոսություն հաստատելու փոխարեն վերածվեց աշխարհաքաղաքական դիրքորոշումներն ավելի կարծրացնելու միջոցի’’:

Այդ աստիճանաբար կարծրացող դիրքորոշումներն ու ներկա անկանխատեսելի զարգացումներն են, որ միջազգային անվտանգությունն այսօր դնում են ավելի մեծ վտանգի տակ, քան Սառը պատերազմի տարիներին: