Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերներին էր նվիրված Վաշինգտոնում, Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների անվանի կենտրոնում անցած քննարկումը: Մարտահրավերներից կարեւորագույնը ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է, համաձայնեցին ամերիկյան փորձագետները: Վուդրո Վիլսոնի կենտրոնի վերլուծաբան Քենեթ Յալովիցի խոսքով, մինչեւ հակամարտության վերջնական կարգավորում Հայաստանն ու Ադրբեջանը չեն կարողանալու իրագործել սեփական ներուժը.
«Անընդհատ պատերազմի շեմին գտնվելու փաստը պատրվակ է դառնում ղեկավարների համար՝ ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները չզարգացնելու համար»:
Վերլուծաբանի խոսքով, ինքը հույս ուներ, որ քառօրյա պատերազմից հետո Ադրբեջանը, իր իսկ խոսքով, «մեկ-երկու բլուր վերադարձնելու հետո» կվերականգնի ինքնավստահությունն ու պատրաստ կլինի իրական զիջումների վերաբերյալ բանակցել: Հայաստանը սակայն, իր հերթին պետք է զիջումների պատրաստ լինի, նշում է Յալովիցը.
«Լեռնային Ղարաբաղի շուրջ այդ տարածքների վերաբերյալ դուք պետք է որոշում կայացնեք՝ արդյոք ձե՞ր շահերից է այդ տարածքները պահել չնայած ամեն ինչի, թե՝ ժամանակն է այդ տարածքների փոխարեն Ադրբեջանից զիջումներ ստանալ»:
Դրան հակառակ սակայն, ապրիլյան պատերազմն էլ ավելի կողմերին հեռացրեց միմյանցից, իսկ պաշտոնական Բաքուն հայտարարեց Երեւանը «վերադարձնելու» վերաբերյալ: Հայտարարություն, որը փորձագետներն անհասկանալի են համարում: Կարնեգիի հաստատության վերլուծաբան Փոլ Սթրոնսկին ասում է.
«Դա շատ անառողջ հայտարարություն է Ադրբեջանի նախագահի կողմից: Կարծում եմ, այն ներքին սպառման համար է, սակայն, այն Հայաստանին ավելի է համոզում որեւէ տարածքներ չվերադարձնել»:
Անդրադառնալով ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում Ռուսաստանի դերին, Սթրոնսկին նշում է, թե չի հավատում, որ Ռուսաստանը կարող է հաջողության հասնել, եթե փորձի Հայաստանի վրա ճնշում գործադրել տարածքներ զիջելու համար.
«Ռուսաստանը կարեւոր դեր է խաղում այստեղ, սակայն, ես չեմ հավատում, որ բոլոր խաղաթղթերը Ռուսաստանի ձեռքում են»:
Ժողովրդավարության ազգային հիմնադրամի ներկայացուցիչ Միրիամ Լանսկոյի կարծիքով, ապրիլյան պատերազմը ցույց տվեց հայ հասարակությանը, որ հույսը պետք է դնել միայն սեփական ուժերի վրա, քանի որ Ռուսաստանից որեւէ աջակցություն պատերազմի դեպքում չի լինելու:
«Հայաստանում մարդիկ ակնկալում էին, որ Ռուսաստանն աջակից կլինի Հայաստանին, ավելին կանի Հայաստանը պաշտպանելու համար», - նշում է Լանսկոյը:
Սակայն, երբ դա տեղի չունեցավ, Հայաստանի հասարակությունն ու իշխանությունները սկզբում հիասթափություն ապրեցին, այնուհետեւ՝ փորձեցին ավելի ամրապնդել Արեւմուտքի հետ հարաբերությունները, նշում է վերլուծաբանը:
Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանում պատերազմ չի ցանկանում, սակայն, բոլորովին այլ հարց է, թե որքանով է Ռուսաստանին ձեռնտու խնդրի վերջնական խաղաղ կարգավորումը, ավելացնում է Քեն Յալովիցը: Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներին, ապա այն կարող է դրական դեր խաղալ հակամարտության կարգավորման գործում.
«Հիմնական բանը, որ մենք կարող ենք անել, եւ հավատացած եմ, ռուսները նույնպես կարող են անել, թույլ չտալ պատերազմական գործողությունները»: