Ամերիկյան քաղաքական դաշտի կանխատեսումները Մյուլերի հետաքննության վերաբերյալ

Նախագահ Թրամփի փաստաբան Ջոն Դաուդը, ով ներկայացնում էր նախագահին  Ռուսաստանի ներգրավվածության մասին գործի շրջանակում, հրաժարական է ներկայացրել: Նախագահ Թրամփը շարունակում է քննադատել այս գործի շուրջ ընթացող հետաքննությունը:

Օրերս նախագահ Թրամփի փաստաբան Ջոն Դաուդի հրաժարականն առաջ է քաշել բազմաթիվ հարցեր: Հիշեցնենք, որ Դաուդը ներկայացնում էր նախագահին Ռուսաստանի ներգրավվածության մասին գործի շրջանակներում:

Դաուդի հեռացումը համընկել է նախագահ Թրամփի թվիթերյան գրառումների հետ, ուր նախագահը խիստ քննադատության է ենթարկել Ռուսաստանի ներգրավվածության մասին հետաքննությունը և այն գլխավորող Ռոբերտ Մյուլերին:

Այս իրավիճակը որոշակի իրարանցում է առաջացրել Վաշինգտոնի քաղաքական դաշտում:

«Պարոն նախագահ, մենք և ամերիկացի ժողովուրդը հետևում ենք Ձեզ: Եթե փորձեք դադարեցնել Մյուլերի հետաքննությունը՝ աշխատանքից ազատելով Մյուլերին, գլխավոր դատախազ Սեշընզին կամ նրա տեղակալ Ռոզենշտեյնին, ապա երկիրը կկանգնեցնեք սահմանադրական ճգնաժամի առջև»,- հայտարարել է դեմոկրատ կոնգրեսական Ջերոլդ Նադլերը:

«Կարծում եմ նա իրավիճակը տեղափոխում է այլ հարթություն՝ հիշատակելով Մյուլերի անունն ու խոսելով դրա մասին: Սա լավ զարգացում չէ»,- ասում է հանրապետական սենատոր Ջեֆ Ֆլեյքը:

Նախագահ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ իր թիմի և Ռուսաստանի միջև որևէ կապ չի եղել ընտրական քարոզարշավի ժամանակ: Նրա կողմնակիցները նշում են, որ նախագահին զայրացնում է ընթացող հետաքննությունը:

Հանրապետական առաջնորդներն էլ վստահեցնում են, որ Մյուլերը կշարունակի ղեկավարել հետաքննությունը:

«Նա կգնա այնտեղ, ուր որ տանեն փաստերը: Կարծում եմ նա կվաստակի ամերիկյան ժողովրդի վստահությունը, երբ կհանգի վերջնական եզրակացության հետաքննության վերաբերյալ»,- ասում է սենատոր Միթչ Մաքքոնելը:

Հարցին հետևում են նաև վերլուծաբանները:

«Նախագահի վարկանիշին վատ կանդրադառնա, եթե Թրամփի քարոզչական թիմի ու Ռուսաստանի միջև կապն ավելի բացահայտ դառնա: Սակայն, եթե վերջնականապես պարզվի այն, ինչ ասում են հանրապետական կոնգրեսականները, որ կողմերի միջև եղել են որոշակի խնդիրներ, սակայն դրանք քարոզարշավի հիմքում չէին, ապա կստացվի, որ նախագահը ճիշտ էր, եւ որ որևէ կապ չի եղել»,- ընդգծում է վերլուծաբան Ջոն Ֆորթիերը:

Իսկ մեկ այլ վերլուծաբան Ջոն Հուդաքի կարծիքով, Մյուլերի հեռացմանը կողմ են շատ հանրապետականներ:

«Կարծում եմ կան շատ հանրապետականներ, ովքեր համոզված են, որ Մյուլերի հետաքննությունը կոռումպացված է և պետք է դադարեցվի: Եթե նախագահն ազատի պաշտոնից Մյուլերին, ապա կարծում եմ շատ հանրապետականներ կողջունեն այդ քայլը»,- նշում է Հուդաքը:

Դեմոկրատները պնդում են, որ նման քայլը կխաթարի օրենքի գերակայությունը երկրում և կդադարեցնի հետաքննությունը, որն այս պահին մեղադրանք է առաջադրել 5 անձանց, Թրամփի քարոզարշավի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորթին և ազգությամբ ռուս 13 անձանց: