Հյուսիսային Կորեա. Միջուկազերծում, թե՞ հավասարի կարգավիճակ

Your browser doesn’t support HTML5

Միջուկային իր ծրագիրը քննարկելու նպատակով Հյուսիսային Կորեային բանակցությունների սեղանի մոտ հրավիրելու միջազգային ջանքերը վերջին շաբաթների ընթացքում ավելի գործուն են դառնում։ Իսկ քաղաքական աշխարհը փորձում է պարզել, թե ինչ պտուղներ կտա հանդիպումը եւ թե արդյոք այս հանդումը պարզապես անպտուղ մի ծառ չէ։

Չնայած Սպիտակ տան այն հայտարարությանը, որ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպելու է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Ջոնգ Ընին, Հյուսիսն այս առնչությամբ դեռեւս պահպանում է լռություն։
Սակայն չնայած այդ լռությանը, Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչները Ֆինլանդիայում, Շվեդիայում ու ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո քաղաքում անցած մի քանի օրերի ընթացքում հանդիպումներ էին անցկացնում ԱՄՆ-ի, Ճապոնիայի ու Հարավային Կորեայի ներկայացուցիչների հետ ՝ բանակցությունների օրակարգը վերջնական տեսքի բերելու համար

Իսկ քաղաքական վերլուծաբաններն էլ փորձում են պարզել Հյուսիսի իրական նպատակները։ Նրանցից Գիլբերթ Ռոզմանի խոսքերով, ՝՝Կիմ Ջոնգ Ընի գլխավոր նպատակն իր երկրին նման ձեւով ճանաչել տալն է, այն ներկայացնելը որպես մյուսներին հավասար մի պետություն։ Միջուկային իր ծրագրով ու զենքով այս տարածաշրջանում նա փորձում է երեւալ որպես հյուսիսարեւելյան Ասիան հավասարակշռող հզոր ուժ՛՛։

Ինչպես ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի Կորեական խմբագրության լրագորղներից Կոնի Կիմն է ասում, Հյուսիսի առաջնորդը ձիթենու ճյուղ է մեկնում Հարավին, սակայն միեւնույն ժամանակ՝ սպառնում ԱՄՆ-ին, թե իր սեղանին է դրված միջուկային զենքի արձակման կոճակը։՝՝Այսպիսով նա ուզում է սեպ խրել ԱՄՆ-ի ու Հարավային Կորեայի միջեւ եւ որոշ չափով ազատվել պատժամիջոցներից՛՛, ասում է նա։

Համաշխարհային քաղաքականության հաստատությունից Ջոն Լենչովսկին ասում է, թե Միացյալ Նահանգները պիտի փորձի փոխել այն պատմությունը, ինչի մասին տասնամյակներ շարունակ լսել են Հյուսիսային Կորեայի քաղաքացիները։

՝՝Ոչ միայն պիտի մտածենք Հյուսիսի կառավարության հետ հարաբերությունների, այլ նաեւ այդ երկրի ժողովրդի հետ մեր հարաբերությունների մասին։ Նրանք այնտեղ պիտի իմանան, որ մենք այն հրեշները չենք, որոնց մասին Հյուսիսի վարչակարգը պատմում է իրենց՛՛։

Փորձագետները չեն կարծում, որ այս մեկ հանդիպումով հարցերը կլուծվեն։

Այս հանդիպումը, ըստ Գիլբերթ Ռոզմանի, պիտի պարզապես դիտել որպես բանակցությունների գործընթացի սկիզբ, երբ Հյուսիսը խոստանում է առաջ շարժվել, որից հետո գործընթացն ավելի շտկելու համար միանում են Չինաստանը, Ռուսաստանը, Ճապոնիան ու Հարավային Կորեան։ Այս ընթացքում, ասում է նա, Հյուսիսը կխաղա այս երկրների միջեւ առկա տարբերությունների վրա՝ փորձելով դրանից ստանալ իր շահը։

Այնպես որ, սկզբում կթվա, թե սկսվել է միջուկազերծման գործընթաց, որն իրականում կարող է դեռեւս հեռու լինել իրականությունից։