ՄԱԿ-ը լիակատար մուտքի և անվտանգության երաշխիքներ է պահանջել Սիրիայի Արևելյան Ղութայի շրջանի և Աֆրին քաղաքի բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու համար:
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (UNICEF), փախստականների հարցերով և մարդասիրական գործերի համակարգման գործակալությունները ահազանգում են Սիրիայի Արևելյան Ղութա շրջանում և հյուսիսարևմտյան Աֆրին քաղաքում ստեղծված ծանր մարդասիրական ճգնաժամի մասին: ՄԱԿ-ը պահանջում է անհապաղ ապահովել արտակարգ իրավիճակների ժամանակ մարդասիրական օգնության բեռների և մարդասիրական օգնություն իրականացնող անձնակազմի լիակատար մուտքի տրամադրման ու անվտանգության երաշխիքները:
Ռուսաստանի և սիրիական օդուժի իրականացրած ռազմական գործողությունների հետևանքով վերջին օրերին Դոմասկոսի ծայրամասում գտնվող Արևելյան Ղութայի շուրջ 50,000 բնակիչներ ստիպված լքել են իրենց տները: Նրանք և հարյուր հազարավոր ներքին տեղահանվածներ ունեն հրատապ մարդասիրական օգնության կարիք:
Նույնքան ծանր ու աղետալի է իրավիճակը նաև Սիրիայի հյուսիս-արևմտյան Աֆրին քաղաքում, որտեղ ավելի քան 100,000 մարդ,մասնավորապես՝ կանայք և երեխաներ լքել են իրենց բնակավայրերը՝ Թուրքիայի զինված ուժերի կողմից իրականացվող ռազմական գործողությունների արդյունքում:
Թուրքական զինուժը Աֆրինի քուրդ զինյալների դեմ մղվող անգութ պայքարը որակում է իբրև պայքար ընդդեմ անջատողականների` Քրդական աշխատավորական կուսակցության (PKK):
Այս զանգավածային սպանդի պատճառով, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը շաբաթներ շարունակ չի կարողանում անհրաժեշտ բուժօգնություն և սնունդ մատակարարել Աֆրինում գտնվող մոտ 100 հազար ներքին տեղահանվածներին: Անվտանգության նկատառումներով՝ դադարեցվել է նաև անվտանգ ջրի մատակարարումը:
UNICEF–ը և մյուս գործակալությունները պատրաստ են ավելի մեծ թվով մարդկանց սնունդ, ջուր և բուօգնություն տրամադրել՝ մարդասիրական օգնություն իրականացնող անձնակազմի լիակատար մուտքի տրամադրման ու անվտանգության երաշխիքների պարաագայում: