«Ամոթանքի միջոցով օրենսդիրներին կստիպենք պաշտպանել մեզ»,- ասում են Փարքլանդի դպրոցի աշակերտները:
Ուսանողների կոչերին ընդառաջ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը քվեարկություն անցկացրեց, փորձելով լրացնել այն բացթողումներից մի քանիսը, որոնց շնորհիվ զինված անձնավորությունը կարողացել էր վրիպել պետական մարմինների հսկողությունից և հարձակում գործել Փարքլանդի դպրոցի վրա:
Հանրապետական Սթիվ Սքալայսը ասում է,- «Ցավալի է, որ թեև բազմաթիվ դպրոցականներ կանխատեսում էին զինված հարձակվողի այս քայլը, այդուհանդերձ մեր համակարգը ձախողեց և չկարողացավ կանխել այն: Այս օրինագիծը նրանց թույլ կտա հայտնաբերել հնարավոր զինված հարձակումը՝ մինչ դրա տեղի ունենալը»:
Սակայն Փարքլանդի կոնգրեսականի կարծիքով հաջորդ հարձակման կանխատեսումը խնդրի միայն մի մասն է:
Ներկայացուցիչների պալատի անդամ Թեդ Դեթչը ասում է,- «Սա խնդրին լուծում չի տա և չի խստանցի զենքի ձեռքբերման օրենքները: Սակայն այս օրինագիծը խնդիրներ ունեցող ուսանողներին կօգնի օգնություն ստանալ»:
Դեմոկրատների կարծիքով այս օրինագիծը բավարար չէ և շատ ավելին պետք է ձեռնարկվի:
Սենատոր Դիք Դարբինն ասում է,- «Փարքլանդի 17 զոհերը արժանի են շատ ավելիին, քան այն արձագանքը, որ ստացանք Զենքի ազգային ընկերակցությունից և նախագահից»:
Իսկ նախագահ Թրամփի այն առաջարկը, թե ուսուցիչներին անհրաժեշտ է զինել, դեռ բուռն քննարկումների շրջանում է: Համախոհների կարծիքով դա կարող է զինված հարձակումների դեպքում զգալի պաշտպանություն տրամադրել ուսանողներին: Մինչդեռ շատ հասարակական կազմակերպությունների կատարած հետազոտությունների համաձայն՝ նման ծայրահեղ իրավիճակներում նույնիսկ լավագույն պատրաստություն ստացած ուսուցիչների կողմից նշանակետին կրակելու հավանականությունը 20 տոկոսից քիչ է: