Թրամփը ծանոթացել է սահամանային պատի նախնական նմուշներին

Մեքսիկայի հետ ԱՄՆ-ի հարավային սահմանին պատի կառուցումը շարունակում է մնալ Դոնալդ Թրամփի վարչակազմի ներքին քաղաքականության օրակարգի ամենաառանցքային հարցերից մեկը:

Կալիֆոռնիա կատարած այցի շրջանակներում՝ Թրամփը երեքշաբթի օրը ծանոթացել է ինը մետր բարձրությամբ սահմանային պատի նախնական տարբերակներին:

«Եթե ամուր պատ չունենանք, երկիր չենք ունենա: Մեքսիկայում շատ են խնդիրները, չափազանց շատ», - հայտարարել է Թրամփը:

Սահամանային պատի կառուցման գաղափարին դեմ ցուցարաները իրենց վրդովմունքն էին արտահայտում Կալիֆոռնիա նահանգի Սան Դիեգո քաղաքում: Քննադատների կարծիքով՝ պատի կառուցումը ուղերձ է աշխարհին այն մասին, որ Միացյալ Նահանգները այլևս ներգաղթյալների չի ողջունում:

«Հայրս ներգաղթյալ էր, այս երկիրը կառուցվել է ներգաղթյալների կողմից: Մենք բոլորս, որոշ բացառություններով, ներգաղթյալներ ենք: Չեմ կարծում, որ այս երկիրը ճիշտ ուղու վրա է, երբ դռներ է փակում այն մարդկանց առջև, ովքեր շենացրել են այս երկիրը», - ասում է Թրամփի դեմ հանդես եկող ցուցարներից մեկը:

Ոմանք էլ ողջունում են ԱՄՆ-Մեքսիկա սահմանին 3,200 կիլոմետր երկարությամբ պատ կառուցելու Թրամփի գաղափարը:

«Մենք՝ Թրամփի աջակիցները, ցանկանում ենք ուղերձ հղել աշխարհին: Մենք կողմ ենք սահմանի ամբողջ երկայնքով պատի կառուցման նախագծին, քանի որ ցանկանում ենք վերջ դնել անօրինական ներգաղթին և ուզում ենք, որ մեր երկիրը կրկին հզոր լինի», - ասում է Թրամփի աջակից Աթրուր Շաֆերը:

Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը հունվարի 6-ին 18 մլրդ դոլար գումար էր խնդրել Կոնգրեսից` Մեքսիկայի հետ սահմանին կառուցվող պատի շինարարական աշխատանքների համար:

Երկփեղկված ամերիկյան հասարակության մաս կազմող այս ցուցարարները, ինչպես նաև՝ դեմոկրատ և հանրապետական կոնգրեսականների մի մասը միակարծիք չեն սահմանային պատի և առհասարակ Թրամփի վարչակազմի ներգաղթի քաղաքականության վերաբերյալ, մասնավորապես՝ Թրամփի կողմից կասեցված՝ նախկինում DACA ծրագրի պաշտպանության տակ գտնվող շուրջ 800 հազար անփաստաթուղթ երիտասարդների՝ «երազողների» արտաքսման հարցի շուրջ, որոնց ճակատագիրը մինչ այս պահը մնում է անորոշ: