Հայաստանի խորհրդարանականների այցը Միացյալ Նահանգների մայրաքաղաք հնարավորություն տվեց ընդլայնել ավանդական հայ-ամերիկյան հարաբերությունները, համոզված են հայ պատվիրակները:
Նաիրա Զոհրաբյանի կարծիքով, սա առաջին քայլն է, որի նպատակն է՝ նոր որակի բարձրացնել Երեւանի եւ Վաշինգտոնի հարաբերությունները.
«Մենք պետք է հասկանանք մի կարեւոր մեսիջ՝ աշխարհը սրընթաց փոխվում է, Ամերիկան փոխվել եւ փոխվում է եւ ԱՄՆ-ի նոր վարչակազմն ունի իր օրակարգը, որն էականորեն տարբերվում է նախորդ վարչակազմի օրակարգից: Մենք պետք է կարողանանք այդ օրակարգը ճիշտ համադրել նաեւ մեր տարածաշրջանի, մեր խնդիրների հետ»:
Վաշինգտոնում հայ պատվիրակությունն անց է կացրել անկեղծ եւ խորքային քննարկումներ հայ-ամերիկյան հարաբերությունների բոլոր խնդիրների շուրջ, չխուսափելով ոչ՛ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի, ոչ՛ ղարաբաղյան կարգավորման ոչ էլ տարածաշրջանային խնդիրներից, նշում է Նաիրա Զոհրաբյանը:
Իրականում, խորհրդարանականները իշխանության հենց այն ներկայացուցիչներն են, ովքեր կարող են առավել ազատ քննարկել նույնիսկ ամենաբարդ խնդիրները, ավելացնում է Արմեն Աշոտյանը: Նրա խոսքով, այսօր հայ-ամերիկյան հարաբերությունները նոր մակարդակի վրա բարձրացնելու անհրաժեշտություն է զգացվում.
«Իհարկե, այսօրվա գլոբալիզացվող եւ բախումներով լի աշխարհում շատ դժվար է անգամ պահել հին գործընկերություն, իսկ մեր ամբիցիաներն ավելի մեծ են. ստեղծել գործընկերության նոր օրակարգ»:
Հայաստանի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունների նոր օրակարգը պետք է լցվի հստակ բովանդակությամբ, համոզված է հայկական պատվիրակությունը ղեկավարող Ազգային Ժողովի փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը.
«Հայաստանը հրաշալի հնարավորություններ ունի բարձր տեխնոլոգիաների ոլորտում, կարող ենք համագործակցությունը զարգացնել վերականգնվող էներգետիկայի ոլորտում: Չափազանց կարեւոր է, որ մանրամասն քննարկում ընթանա եւ փոխադարձ ընկալում լինի, թե ի՞նչ ունենք, որտե՞ղ ենք եւ ո՞ւր ենք շարժվում»:
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանն իր կողմից ավելացնում է՝ այս այցով հայ-ամերիկյան հարաբերություններում մի նոր՝ միջխորհրդարանական բարեկամության ուղղություն բացվեց.
«Հայաստանը՝ խորհրդարանական հանրապետություն է դառնում, հանրապետություն, ուր որոշումների զգալի մասը, որոշումների ընդունման գործընթացը խորհրդարանում է տեղի ունենալու: Եւ այսուհետ խորհրդարանականներն անմիջապես հարաբերություններ են զարգացնելու Միացյալ Նահանգների Կոնգրեսի հետ»:
Ավարտվող այցի վերջնական արդյունքների մասին խոսելը դեռ վաղ է, սակայն, արդեն իսկ կարելի է միանշանակ ասել, որ հայ-ամերիկյան հարաբերությունների հորիզոնն ընդլայնվեց, նշում է դեսպանը: