Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մյունխենի անվտանգության համաժողովի ընթացքում ի պատասխան ԱՄՆ-ի ընտրություններին Ռուսաստանի ներգրավվածության վերաբերյալ լրագրողի հարցին ամերիկյան հետաքննության ընթացքն անվանել է «ասեկոսեներ»: Դրա մասին է գրում polygraph.info
«Ես չունեմ արձագանք: Կարելի է հրապարակել ամեն ինչ, և մենք ականատես ենք նման հրապարակումների ու հայտարարությունների քանակի մեծացմանը: Քանի դեռ չկան հստակ փաստեր, մնացածը զուտ ասեկոսեներ են»,- հայտարարել է Լավրովը:
Հիշեցնենք, որ հատուկ հետաքննող Ռոբերտ Մյուլերի գլխավորած հետաքննությունը մեղադրանքներ է ներկայացրել այս գործի շրջանակում մեկ տասնյակից ավելի Ռուսաստանի քաղաքացիներին, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգում գրանցված Internet Research Agency ընկերությանը: Ըստ մեղադրանքի, վերջիններս հետևողական գործունեություն են ծավալել ԱՄՆ-ի ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն գործելու համար:
Մյունխենի համաժողովին Միացյալ Նահանգները ներկայացնող ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Հերբերտ Մաքմասթերն իր ելույթի ընթացքում ևս հաստատել է Ռուսաստանի ներգրավվածությունը ամերիկյան ընտրություններին՝ ընդգծելով, որ դրա մասին փաստերն անհերքելի են:
Վերլուծաբանների կարծիքով Մյուլերի հետաքննության մեղադրանքները չափազանց մտահոգիչ են: Ըստ մեղադրական եզրակացության, ամերիկյան ընտրություններին ներգրավվելու գործողությունը հայտնի է որպես «Լախթա նախագիծ», որի իրականացման համար միայն 2016 թվականին յուրաքանչյուր ամիս ծախսվել է ավելի քան մեկ միլիոն դոլար:
Վերլուծաբանները նաև քննադատում են այս հետաքննության վերաբերյալ Ռուսաստանի արտգործնախարարի որակումներն՝ ընդգծելով, որ Լավրովի պնդումները, որ չկան ապացույցներ, իրականությանը չեն համապատասխանում:
Իր հերթին Ռուսաստանի ապատեղեկատվության փորձագետ, Fianna Strategies ընկերության ղեկավար Մոլի Մաքքյուսն ընդգծում է, որ Մյուլերի ներկայացրած մեղադրանքները ցույց են տալիս Ռուսաստանի կողմից ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին ներգրավված լինելու մեծ տրամաչափը։ Խոսքը գնում է արդեն ոչ թե 100 հազար դոլարի, այլ տասնյակ միլիոնավոր դոլարների մասին, որոնք ծախսվել են մի քանի տարիների ընթացքում՝ ամերիկյան հասարական կարծիքի վրա ազդեցություն գործելու հետևողական ջանքերի ուղղությամբ: Դրա վերաբերյալ վկայում են նաև Facebok, Twitter և այլ սոցցանցերի տրամադրած փաստերը: