Ռուսաստանի ընդդիմությունն ու մամուլը տարակարծիք են ՌԴ արտգործնախարարի խոսնակ Մարիա Զախարովայի պնդմանը, ըստ որի Սիրիայի Դեր Զորի հատվածում ամերիկյան զորքերի հետ բախման ընթացքում զոհվել են Ռուսաստանի 5 քաղաքացիներ: Ինչպես հայտնում է Polygraph.info, զոհերի անհամեմատ մեծ թվաքանակի մասին են խոսում այլ աղբյուրներ, որոնց պնդմամբ ռուսական ռազմական մասնավոր ընկերության զորամիավորումները ենթարկվել են հարձակման նավթամշակող գործարանի ուղղությամբ իրենց առաջխաղացման փորձի ժամանակ:
Այս միջադեպի վերաբերյալ շրջանառության մեջ են դրվել մի քանի ձայնագրություններ, որոնք արտահոսել են մամուլ: Ըստ դրանց, զոհերի թիվն անցնում է 200-ը: Ռուսական մասնավոր ռազմական ընկերության շարասյունները ենթարկվել են նախ հրթիռակոծման, այնուհետև գնդակահարվել են օդից ամերիկյան ռազմական ուղղաթիռների կողմից: Ձայնագրությունում անհայտ անձը պնդում է, որ ամերիկյան կողմը տեղյակ էր, որ շարասյունը ռուսական է:
(Ուշադրություն` տեսանյութերը պարունակում են ոչ պատշաճ բառապաշար)
Այս միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 7-ի լույս 8-ի գիշերը: Ամերիկյան կողմը պնդում է, որ դիմել է ինքնապաշտպանության՝ ի պատասխան ասադամետ զորամիավորումների հարձակման:
«Մենք կօգտագործենք մեր զորքերը միայն եթե նրանց սպառնա վտանգ: Սա այդ դեպքն էր»,- հայտարարել է պետքարտուղարության մամլո խոսնակ Հեյվեր Նայերթը:
Ռուսական պաշտոնական կողմի 5 զոհերի մասին պնդմանը հակասում է նաև այն, որ, ինչպես նշում են մամուլի միջոցները, առնվազն 8 Ռուսաստանի քաղաքացիների հարազատներ ու ընկերներ հաստատել են իրենց մերձավորների զոհվելու փաստը փետրվարի 7-ի միջադեպի ժամանակ:
Հիշեցնենք, որ Սիրիայում են տեղակայված ռուսական բանակի մի քանի ռազմակայաններ: Ռուսաստանը հանդիսանում է նախագահ Բաշար Ասադի դաշնակիցը:
Որոշ աղբյուրների պնդմամբ Սիրիայում են գտնվոմ նաև ռուսական ռազմական մասնավոր ընկերության «Վագներ խմբի» զորամիավորումները: Մասնավոր ռազմականացած խմբավորումներն անօրինական են ըստ Ռուսաստանի օրենսդրության, սակայն հայտնի է, որ դրանք լայնորեն օգտագործվում են պաշտոնական Մոսկվայի կողմից տարբեր հակամարտություններում, ներառյալ Սիրիայում, Վրաստանում և Ուկրաինայում:
Փետրվարի 7-ի միջադեպի ընթացքում հարձակման ենթարկված զորամիավորումն ամենայն հավանականությամբ «Վագներ խումբ» ընկերության ռազմաշարասյունն էր: Դեռևս պարզ չէ, թե զոհվածներից քանիսն են հանդիսանում Ռուսաստանի քաղաքացիներ: