Իրանի Զագրոսի լեռներում շարունակում են որոնել կործանված օդանավը

Թեհրանից Յասուջ չվերթ իրականացնող մարդատար ինքնաթիռը անհետացել էր ռադարներից թռիչքն իրականացնելուց մոտավորապես 50 րոպե անց:

Չնայած ծանր եղանակային պայմաններին՝ Իրանում երկուշաբթի օրը շարունակվել են նախօրեին անհետացած օդանավի որոնողական աշխատանքները:

Aseman Airlines ավիաընկերության մարդատար ինքնաթիռը կիրակի օրը վթարի էր ենթարկվել Զագրոսի լեռներում, ինչի հետևանքով, ըստ նախնական տվյալների, զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր 65 անձինք:

Յասուջ քաղաքը գտնվում է Սպահան նահանգում՝ Թեհրանից մոտ 560 կիլոմետր հեռավորության վրա:

Իրանի Կարմիր մահիկի հաղորդմամբ՝ սաստիկ քամու, մառախուղի և ձնամրրկի պատճառով փրկարարական ուղղաթիռներին չի հաջողվել մոտենալ աղետի վայրին:

«Ճանապարհները այստեղ անանցանելի են: Տրանսպորտային միջոցների ու օգնություն ցուցաբերելու պատրաստակամ մարդկանց պակաս չկա: Մենք տեղեկացանք աղետի մասին կեսօրին մոտ, ու սկսեցինք որոնումները մեր գյուղի հարակաից տարածքում, բայց՝ ապարդյուն: - ասում է տեղաբնակներից մեկը:

Աղետի ենթարկված ֆրանսիական ATR-72 ինքնաթիռը գործածության մեջ էր գտնվում 1990-ականների սկզբից:

Տասնամյակներ շարունակվող Միջազգային պատժամիջոցների պատճառով Իրանի կոմերցիոն ավիափոխադրողները ի վիճակի չեն գնել օդանավերի նոր պահեստամասեր, ինչի արդյունքում էլ վերջին տարիներին աճել են ավիավթարներն ու դժբախտ պատահարները:

Նշենք, թերևս, որ 2015 թվականին ստորագրված Միջուկային համաձայանգրից հետո Իրանը նոր ինքնաթիռներ ձեռք բերելու պայմանագրեր է կնքել Airbus և Boeing ընկերությունների հետ: