19-ամյա Նիքոլաս Քրուզի դեմ հարուցվել է մարդասպանության մասին 17 մեղադրանք: Դատարանում նա ընդունել է իր դեմ հարուցված մեղադրանքները: Իսկ այսօր, երբ սգում է Ֆլորիդա նահանգի Փարքլենդի դպրոցը, ԱՄՆ-ում նորից վեր է բարձրանում հետեւյալ հարցը. Ի՞նչ պիտի արվի զանգվածային սպանությունների առաջն առնելու համար:
Սպանդն իրականացրած Նիքոլաս Քրուզին հայտնաբերելը դժվար չի եղել: Դժվարը տասնյոթ զոհերի համար ահռելի ցավն ամոքելն է:
Երկրի նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է անում ‘’Ատելությանը պատասխանել սիրով, դաժանությանը` բարությամբ: Մենք միասնաբար պիտի աշխատենք մեր երկրում հաստատելու համար մի մշակույթ, որը լի է արժանապատվությամբ ու մարդկային ամուր ու իմաստալից կապերով’’:
Սակայն Թրամփը ոչինչ չի ասում հրազեն կրելու իրավունքը խստացնելու մասին: Խոսքը կենտրոնացնում է միայն հոգեկան հիվանդությունների վրա, ասելով, թե այժմ աշխատանքներ են տարվում նահանգային ու տեղական մարմիններում` դպրոցներն անվտանգ դարձնելու, ինչպես նաեւ հոգեկան առողջության հետ կապված խնդիրները լուծելու ուղղությամբ:
Իսկ Կոնգրեսում դեմոկրատները պահանջում են խստացնել հրազեն կրելու մասին օրենքները: Ներկայացուցիչների պալատի փոքրամասնության ղեկավար Նենսի Փելոսիի խոսքերով, ‘’Այսօր մեկ անգամ եւս կանգնել ենք հրազենային բռնությունների դեմ գործողություններ իրականացնելու հրատապ խնդրի առջեւ”:
Այդ գործը, ասում է կոնգրեսական Մայք Թոմփսոնը, պետք է սկսվի հրազեն գնելու նպատակ ունեցող անձանց տվյալները մանրազննին կերպով ստուգելու մասին օրենք ընդունելով: ‘’Պետք է ի վերջո ձեռք բերենք Կոնգրեսում այս հարցում վճռական քայլերի դիմելու համարձակություն’’, ասում է նա:
Սակայն ահա հանրապետականներն այս ողբերգության նկատմամբ ցուցաբերում են ավելի չափավոր վերաբերմունք: Նրանց թվում է հենց Ֆլորիդան ներկայացնող սենատոր Մարկո Ռուբիոն, որը պարզապես խոսում է ինչ որ բան անելու կարեւորության, սակայն ոչ` զենքերի վաճառքը խստացնելու հրատապ խնդրի մասին:
Քաղաքում, որտեղ իրականացվել էր զանգվածային սպանդը, մարզային ոստիկանապետ Սկոթ Իզրայելն ասում է, որ այստեղ դեռեւս սգո օր է, իրար ինչ որ կերպ մխիթարելու ժամանակաշրջան:
Բայց դպրոցական համակարգի գլխավոր տեսուչ Ռոբերտ Ռանսին պնդում է, որ հենց հիմա է որոշումներ կայացնելու ժամանակը: ‘’Հիմա է ճիշտ ժամանակը, որ այս երկրում սկսենք հրազենի վաճառքի ու հրազեն կրելու իրավունքի մասին լուրջ խոսակցություն’’:
Ֆլորիդայի Փարքլենդ քաղաքի դպրոցի աշակերտների ծնողները շնորհակալ են Աստծուն, որ կենդանի են մնացել իրենց զավակները ու աղոթում են այն տասնյոթի հոգիների համար, որոնք այլեւս հետ չեն գալու: