Ռուսաստանի մասնաբաժինը գլոբալ տնտեսությունում նվազում է

«Մեր մասնաբաժինը գլոբալ տնտեսության մեջ նվազում է», - ահազանգում է Ռուսաստանի ֆինանսների նախկին նախարար, իրեն նախագահ Պուտինի ընկերն անվանող Ալեքսեյ Կուդրինը:

Իրոք, 2017-ին Ռուսաստանի տնտեսական աճը հենց ռուսական Ռոսստատ գործակալության համաձայն ընդամենը 1.5 տոկոս է կազմել՝ ավելի քիչ, քան ակնկալում էր ՌԴ կառավարությունը: Բացառությամբ տնտեսական ճգնաժամերի տարիները, կարելի է ասել, որ Ռուսաստանը վերջին երկու տասնամյակների ընթացքում գրանցել է նվազագույն տնտեսական աճ, մինչդեռ համաշխարհային տնտեսությունն աճում է ավելի քան երկու անգամ ավելի արագ:

Պատճառը՝ տնտեսական անկումն է, որը պայմանավորված է տնտեսական վատ կառավարմամբ եւ Արեւմուտքի կողմից Ռուսաստանի միջամտության եւ Ղրիմի բռնակցման հետեւանքով ընդունված տնտեսական պատժամիջոցներով: Գլոբալ տնտեսության մեջ Ռուսաստանի բաժնեմասն իրոք նվազում է: Միջազգային Արժութային Հիմնադրամի հաշվարկներով, որի հիմքում երկրի ՀՆԱ-ի դոլարային փոխարժեքն է, Ռուսաստանը չի մտնում նույնիսկ աշխարհի խոշորագույն տնտեսությունների տասնյակի մեջ, զիջելով Հարավային Կորեային, այն առաջ է անցել Ավստրալիայից եւ Իսպանիայից:

Մոսկվայում սակայն նախընտրում են տնտեսական հաշվարկները ներկայացնել գնողունակության համարժեքության հիման վրա, որը հաշվի է առնում ՀՆԱ-ի չափը ոչ թե դոլարով այլ՝ յուրաքանչյուր երկրի տարադրամի գնողունակության համարժեքությամբ: Այդ հաշվարկով նույնպես ՌԴ-ն դուրս է մնում առավել խոշոր տնտեսությունների հնգյակից:

Այսպիսով, համաշխարհային տնտեսության մեջ Ռուսաստանի մասնաբաժինը կազմում է 1.8 տոկոս դոլարային հաշվարկով կամ՝ 3.1 տոկոս գնողունակության համարժեքության հաշվարկով: Առաջատարներն են Միացյալ Նահանգները, Չինաստանը, Ճապոնիան, Գերմանիան ու Հնդկաստանը: Վերլուծաբանների կանխատեսմամբ, 2018-ին, հաշվի առնելով ներկա զարգացումները, Ռուսաստանի մասնաբաժինը համաշխարհային տնտեսության մեջ չի ավելանա: