ԱՄՆ-ը Սիրիայում «տնտեսական նպատակներ է» հետապնդում   

Արևմտյան փորձագետները չեն կիսում Կրեմլի մեղադրանքները, թեև նշում են, որ Սալհիայի մերձակայքում գրանցված ռազմական գործողությունները լարվածության նոր ալիք են հաղոդրել Սիրիական հակամարտությանը, որը պայմանավարոված է հատկապես ռուսական և թուրքական ներգրավվածության գործոնով:

Օրեր առաջ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը ԱՄՆ-ին մեղադրեց՝ Սիրիայում տնտեսական նպատակներ հետապնդելու և Դաեշ-ի դեմ պայքարը զուտ որպես պատրվակ օգտագործելու մեջ:

Այս սկանդալային հայտարարությունը հաջորդեց Սիրիայում Ասադին աջակցող զինված ուժերի դեմ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն ուժերի իրականացրած մի շարք օդային և հրետանային հարձակումներին, որի արդյունքում զոհվել էր 100 զինծառայող:

ԱՄՆ-ի գլխավորած դաշինքի խոսնակը նշել է, որ կոալիցիոն ուժերի գործողությունները պաշտպանական բնույթի են եղել ՝ ի պատասխան «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) դիրքերի ուղղությամբ արձակված կրակոցների, մինչ ՌԴ Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ Ասադին աջակցող իշխանամետ զինված ուժերը ընդամենը հատուկ հետախուզական առաքելություն են իրականացրել Սալհիայից ոչ հեռու գտնվող նավթավերամշակման գործարանի մոտակայքում:

Ռուսների պնդմամբ՝ Սիրիական պատերազմի ընթացքում ԱՄՆ-ը առհասարակ ոչ մի ջանք չի գործադրել Դաեշի ոչնչացման ուղղությամբ:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և կոալիցիոն դաշնակիցների օգնությամբ՝ Սիրիայի «Քրդական ժողովրդավարական միություն» կուսակցության ռազմական թևը համարվող «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) խմբավորումը 2014-ից կարևոր դեր է ունեցել Դաեշի դեմ պայքարում հազարավոր ռազմավարական նշանակության թիրախների ոչնչացման, մասնավորապես՝ 2017 թվականին Դաեշի դե ֆակտո մայրաքաղաքը համարվող Ռաքքայի վերջնական ազատագրման գործողությունների ընթացքում:

Նշենք, ինչևէ, որ բազմաթիվ միջազգային կազմակերպություններ հայտնել են իրենց մտահոգությունը թե ՛ Ասադին աջակցող զինված ուժերի, այդ թվում՝ Ռուսաստանի, և թե ՛ ԱՄՆ-ի դաշնակիցների կողմից Սիրիայում իրականացված հատուկ օդային գործողությունների արդյունքում գրացված մեծ թվով քաղաքացիական զոհերի կապակցությամբ:

Չնայած Սիրիայում և Իրաքում Դաեշ-ի պարտությանը՝ միջազգային իրավունքի բազմաթիվ փորձագետներ, ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ընդդիմախոսներ և ԱՄՆ-ի կոնգրեսականներ հարցականի տակ են առնում Սիրիայում ԱՄՆ-ի ռազմական ներգրավածության օրինականությունը, այդ թվում ՝ ԱՄՆ-ի հատուկ ջոկատայինների ներկայությունն ու աջակցությունը «Սիրիայի դեմոկրատական ուժեր» և մյուս զինված խմբավորումներին:

Արևմտյան փորձագետները չեն կիսում Սիրիայում տնտեսական նպատակներ հետապնդելու մասին ԱՄՆ-ին ներկայացված պաշտոնական Մոսկվայի մեղադրանքները, թեև նշում են, որ Սալհիայի մերձակայքում գրանցված վերջին ռազմական գործողությունները լարվածության նոր ալիք են հաղոդրել Սիրիական հակամարտությանը՝ հաշվի առնելով հատկապես պատերազմական գոտում ռուսական և թուրքական ներգրավվածության գործոնը: