Միացյալ Նահանգների Սենատում հանրապետականներն ու դեմոկրատները քննարկում են ԱՄՆ-ի ներգաղթի քաղաքականության ապագան: Հիմնական վեճը ծավալվում է մեկ հարցի շուրջ՝ արդյոք անհրաժեշտ է բարեփոխել ողջ ներգաղթային համակարգը, ինչպես դա պահանջում է հանրապետական մեծամասնությունն ու նախագահ Դոնալդ Թրամփը, թե, ինչպես նշում է դեմոկրատ սենատոր Չաք Շումերը, կարգավորել միայն Միացյալ Նահանգներ մանուկ տարիքում ապօրինի տեղափոխված երիտասարդների՝ դրիմերների իրավական վիճակը.
«Այժմ, ո՛չ ժամանակն է, ո՛չ էլ տեղը՝ ամբողջ ներգաղթային համակարգը բարեփոխելու համար: Այժմ պետք է քննարկենք այս նեղ օրենքը եւ փորձել այն անցկացնել»:
Հանրապետականներն իրենց հերթին ցանկանում են հարցին ավելի համընդհանուր մոտենալ, նշում է հանրապետական մեծամասնության ղեկավար սենատոր Միչ Մքքոնելը.
«Ժամանակն է գտնել մի լուծում, որը կանցնի Սենատում, Ներկայացուցիչների պալատում եւ որը կստորագրի նախագահը»:
Նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է օգտագործել այս բանակցությունները դեմոկրատների հետ փոխզիջումային գործարք կնքելու համար, գրել էր նա Թվիթերում.
«Հանրապետականներն ու դեմոկրատները գործարք են ուզում: Լավ չէր լինի ի վերջո տարիներ անց կարգավորել խնդիրը: Սա մեր վերջին հնարավորությունն է մինչեւ մարտի 5-ը»:
Մարտին լրանում է դրիմերների՝ անչափահաս ապօրինի ներգաղթյալների ժամանակավոր կարգավիճակը: Եթե մինչ այդ համապատասխան օրենք չընդունվի, նրանց սկսելու են վտարել ԱՄՆ-ից: Դոնալդ Թրամփը եւ Կոնգրեսում մեծամասնություն կազմող հանրապետականները համաձայնել են կարգավիճակ տալ անչափահաս ապօրինի ներգաղթյալներին՝ փոխարենը պահանջելով դեմոկրատներից կողմ քվեարկել Մեքսիկայի սահմանին պատի կառուցման համար 25 միլիարդ դոլարի հատկացմանը եւ գրին քարտի խաղարկության արգելմանը: