Ինչու է խոցվել Սիրիայում ռուսական ռազմաօդանավը

Ռուսաստանը հետմահու հերոսի կոչում է շնորհել Սիրիայում խոցված ռուսական ռազմական ինքնաթիռի օդաչուին: Ռուսական կողմը պնդում է, որ վերջինս դիտորդական առաքելություն էր իրականացնում ապառազմականացված գոտում: Դրան հակազդում է The Conflict Intelligence Group խումբը, որը պնդում է, որ ռազմաօդանավը հրթիռներ է արձագել նախքան խոցվելը:

Ռուսաստանը տեղեկացրել է, որ Իրբիլում խոցված Su-25 ռազմական ինքնաթիռի օդաչու մայոր Ռոման Ֆիլիպովը հետմահու արժանացել է հերոսի կոչմանը:

«Իր հերոսության համար մայոր Ռոման Ֆիլիպովին պաշտպանության նախարարի կողմից հետմահու շնորհվել է Ռուսաստանի Դաշնության հերոսի կոչում: Նա բարձր կարգի արհեստավարժ օդաչու էր, ով հարգանք էր վայելում ենթակաների ու ղեկավարության շրջանում: Սա մեծ կորուստ է ռազմաօդային ուժերի համար»,- նշել է Ռուսաստանի ռազմաօդային ուժերի հրամանատար Սերգեյ Սուրովիկինը:

Հիշեցնենք, որ օրերս Սիրիայում Ասադի կառավարության ընդդիմադիր զինյալներն Իդլիբի շրջանի Սարաքեբ քաղաքից ոչ հեռու գտնվող Խան ալ Սաբլ բնակավայրի երկնքում խոցել են ռուսական Su-25 ռազմական ինքնաթիռը, որի օդաչու մայոր Ֆիլիպովը կատապուլտացվել է, իսկ հետո գետնի վրա մարտի բռնվել զինյալների հետ ու պայթեցրել իրեն, երբ հայտնվել է շրջապատման մեջ:

Գեներալ Սուրովիկինն ընդգծել է, որ ռուսական խոցված օդանավը գտնվում էր ապառազմականացված գոտում և կատարում զինադադարի պահպանման գործառույթը:

«Փետրվարի 3-ին զինադադարի ռեժիմի պահպանումը վերահսկելու նպատակով ստեղծված Իդլիբի ապառազմականացված գոտու վրայով թռիչքի ընթացքում օդաչու մայոր Ֆիլիպովի ռուսական Su -25 ռազմաօդանավը, որը թռիչք էր իրականացնում հատուկ առաքելությամբ, խոցվել է հակաօդային հրթիռի միջոցով: Օդաչուն փորձել է օդում պահել օդանավը և զեկուցել հարձակման մասին: Հետագայում նա կատապուլտացվել է»,- տեղեկացնում է գեներալ Սուրովիկինը:

Միջադեպից հետո Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ղեկավարությունը հրահանգել է իր օդաչուներին թռիչքներ իրականացնել ավելի բարձ տարածության վրա՝ հրթիռային հարձակումներից խուսափելու համար:

Սակայն ռուսական պաշտոնական կողմի հավաստիացմանը, որ ռազմաօդանավն իրականացնում էր վերահսկողական դիտորդական առաքելություն, հակադարձում է The Conflict Intelligence Team կոչվող բաց հետազոտական խումբը, որը թվիթերյան գրառման միջոցով պնդում է, որ ռուսական ռազմաօդանավը նախքան խոցվելը հրթիռային խառը կրակ է արձակել: Հայտնի չէ, թե ով է նկարահանել ռազմաօդանավի խոցման պահն ու ռուս օդաչուի մարտը զինյալների հետ, սակայն դրանց վերաբերյալ տեսանյութը տեղադրել է Կիրիլ Միխայլով անունով մի ակտիվիստ, ով այդ նույն հետազոտական խմբի անդամ է ու այդ ժամանակ գտնվում էր ռազմաօդանավի խոցման շրջանում:

Սակայն թվիթերյան գրառման միջոցով փոխանցված այս տեղեկությունը չի տրամադրել մանրամասներ, թե ինչ նշանակետերի ուղղությամբ է կրակ բացել ռուսական ռազմաօդանավը: Հիշեցնենք, որ նախկինում ռուսական կողմը բազմիցս մեղադրվել է առանց նշանառության զանգվածային ռմբակոծություններ իրականացնելու մեջ, ինչը դառնում է բազմաթիվ զոհերի պատճառ:

Ռազմաօդանավի խոցմանը ռուսական կողմը պատասխանել է այս տարածքի զանգվածային հրթիռակոծմամբ, որի արդյունքում, ինչպես հայտնում են ընդդիմադիր զինյալների մոտ կանգնած աղբյուրները, ավերվել է այս շրջանում գործող միակ հիվանդանոցը: