Վաշինգտոնն այսօր ականատես է Սպիտակ տան ու իրավապահ հաստատությունների միջեւ առկա մի այնպիսի լարվածության, ինչպիսին ականատես չի եղել 197Օ-ականների Ուոթերգեյթի սկանդալից ի վեր։
Որպես ԱՄՆ-ի նախագահի թեկնածու, Դոնալդ Թրամփը հաստատակամորեն կանգնած էր իրավապահ հաստատությունների կողքին։ Որպես ԱՄՆ-ի նախագահ, նա մեղադրում է ՀԴԲ-ին ու արդարադատության նախարարությանը՝ դեմոկրատների օգտին հետաքննությունը քաղաքականացնելու մեջ։
Իսկ ԱՄՆ-ի որեւէ նախագահի կողմից բացահայտ նման մեղադրանքն աննախադեպ է այս երկրի պատմության մեջ։
Թրամփը մեղադրական այս խոսքերով հանդես եկավ այն բանից հետո, երբ հանրապետական օրենսդիրները հրապարակեցին մի փաստաթուղթ, որի համաձայն, Ռուսաստանի հետ կապված հետաքննություն սկսելու առաջին ամիսներին ՀԴԲ-ը, հետախուզություն սկսելու արտոնություն ստանալու համար հենվել է դեմոկրատների կողմից ֆինանսավորված մի զեկույցի վրա։
Ինչպես Ներկայացուցիչների պալատի հետաքննությունների հարցերով հանձնաժողովի նախագահ, հանրապետական Դեյվիդ Նյունեզն է ասել, ՀԴԲ-ը հենվել է Հիլարի Քլինթընի նախընտրական թիմի կողմից ֆինանսավորված հետազոտության վրա։
Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտարարում է, թե խորը մտահոգություն ունի այս փաստաթղթում կարեւոր փաստերի բացակայության կապակցությամբ։ Դեմոկրատներն էլ ասում են, թե փաստաթուղթը մեծապես հակասում է երկրի օրենքներին։
Թրամփի խոսքերով, ՝՝Այս փաստաթուղթը չի նշանակում ՀԴԲ-ի դեմ պաշտոնական մեղադրանք։ Այն նաեւ չի դատապարտում Մյուլլերի կողմից ղեկավարվող հետաքննությունը՛՛։
Այս ընթացքում ՀԴԲ-ի տնօրեն Քրիստոֆեր Ռեյը, որն այս պաշտոնին է նշանակվել Թրամփի կողմից, հորդորում է, որ Բյուրոյի աշխատակիցներն իրենց աշխատանքը շարունակեն կատարել համաձայն օրենքների ու անկախ։
Դեմոկրատները պնդում են ու նախազգուշացնում, որ ԱՄՆ-ում հետախուզությանը հասցվել է մեծ վնաս։ Ինչպես դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆն է ասել,՝՝Սա հասցված մի խորը վնաս է, որը կարող է բացասաբար ազդել երկրի ապահովության վրա՛՛։
Փաստաթղթի կողմնակից հանրապետականները հայտարարում են, որ իրենք կանգնած են հանուն քաղաքացիական ազատությունների՝ կենտրոնանալով այն հարցի վրա, թե ինչպես է ԱՄՆ-ի կառավարությունը ստանում իր քաղաքացիների նկատմամբ լրտեսություն իրականացնելու իրավունք։