Հատուկ ծառայությունների գծով Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի բարձրաստիճան դեմոկրատները պնդում են, որ հանրապետականները Սպիտակ տուն են փոխանցել հանձնաժողովի հաստատած Ռուսաստանի ներգրավվածության մասին փաստաթղթի փոփոխված տարբերակը՝ հաստատված զեկույցը ուղարկելու փոխարեն:
Հանրապետականների պատրաստած այս փաստաթղթում ընդգծվում է, որ արդարադատության նախարարության որոշ մարմիններում առկա է կողմնակալ վերաբերմունք նախագահ Թրամփի հանդեպ: Փաստաթուղթը հանրությանը հասանելի դարձնելու հարցը կորոշի Սպիտակ տունը: Հաշվի առնելով, որ նախկինում նախագահ Թրամփը հանդես է եկել դրա հրապարակման օգտին՝ փաստաթուղթը հասանելի կլինի հանրությանը:
Իսկ այդ ընթացքում հանձնաժողովի բարձրաստիճան դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը նամակով դիմել է հանձնաժողովի հանրապետական նախագահ Դևին Նունեսին՝ նշելով, որ դեմոկրատները բացահայտել են, որ հաստատմանը ներկայացված փաստաթուղթն ամբողջական չէր և այնտեղ առկա էին որոշ դրույթներ, որոնք հասանելի չէին հանձնաժողովի անդամներին: Կոնգրեսական Շիֆն այս իրավիճակը գնահատում է չափազանց խնդրահարույց:
Նա ընդգծել է, որ չնայած այն հանգամանքին, որ այդ փոփոխությունները չեն փոխում փաստաթղթի բովանդակությունը՝ դրանք չափազանց կարևոր են հաստատման համար:
Հանձնաժողովի նախագահ Նունեսի խոսնակն իր հերթին հայտարարել է, որ Սպիտակ տուն ուղարկված տարբերակում արվել են չնչին խմբագրական փոփոխություններ, և այս աղմուկի հիմնական նպատակն է շեղել ուշադրությունը հիմնական խախտումներից:
Չորեքշաբթի օրը Հետաքննությունների դաշնային բյուրոն ընդգծել է, որ այն ունի մտահոգություններ, որ փաստաթղթում նշված տվյալները կարող են չհամապատասխանել իրականությանը: Կառույցն ընդգծել է, որ չի ունեցել հնարավորություն ավելի խորը ուսումնասիրելու այն՝ նախքան հանձնաժողովի քվեարկությունը:
Այս փաստաթուղթը կարող է ունենալ հետևանքներ հետաքննություն իրականացնող մարմինների համար, եթե հաստատվի, որ հետաքննության ընթացքում եղել են որոշակի խախտումներ: Դա կարող է հիմք հանդիսանալ նախագահ Թրամփի համար՝ պահանջելու Հետաքննությունների դաշնային բյուրոյի, արդարադատության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև Ռուսաստանի հետ Թրամփի թիմի համագործակցության մասին հետաքննությունն իրականացնող հատուկ հետաքննողի հեռացումը իրենց պաշտոններից: