Արդյո՞ք հավատարիմ կմնա Թրամփը նախագահական ուղերձի իր խոսքերին

Your browser doesn’t support HTML5

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի առաջին նախագահական ուղերձը հիմնականում հավանության է արժանացել հանրության կողմից։ Այս անգամ նախագահի խոսքն ավելի հավասարակշիռ էր ու հավատարիմ՝ գրված տեքստին։

Դոնալդ Թրամփին նրա պաշտոնավարման առաջին տարվա համար չէր նախանձի ԱՄՆ-ի նախկին եւ ոչ մի նախագահ, քանի որ նրանցից որեւէ մեկը չէր ուզենա լինել այնպիսի բացասական ուշադրության կենտրոնում, որտեղ մեկ տարին անցկացրեց Թրամփը։ Սակայն նախագահական առաջին ուղերձը, որը լի էր միասնության կոչերով, ինչոր կերպ մեղմեց նրա դեմ առկա թերահավատությունն ու անվստահության զգացումը։

Հանրապետականները ողջունեցին նրա ավելի փափուկ ձայներանգն ու խոսքի մեղմությունը, երկու կուսակցություններին ուղղված համերաշխության կոչը։

Սակայն որեւէ մեկի աչքից չէր կարող վրիպել ելույթի շատ հատվածներից հետո բուռն ծափահարությունների ընթացքում դեմոկրատների շարքերում քար լռությունը, որով նրանք փորձում էին կասկածի տակ դնել Թրամփի խոսքում անկեղծությունը։
Դեմոկրատներից շատերը չեն կարողանում հավատալ, որ նախագահ Թրամփն իրապես ուզում է փոխզիջման գնալ ներգաղթի հարցերում, այնպես, ինչպես նա էր խոստանում իր ելույթում։

Նրանցից Ջիմ Մաքգավերնի խոսքերով,՝՝Ներգաղթի վերաբերյալ նախագահի տեսակետներն իրականում շատ հակասական են, ու կրում են ռասիստական տարրեր՛՛։

Սակայն ինչպես հասարակական առաջին հարցումների արդյունքներն են ասում, նախագահի խոսքում այս անգամ ավելի մեղմ երանգը դրական նկատելի տպավորություն է թողել։

Հարցն այն է, կլինի այն տեւական, թե՞ կցրվի ինչպես մառախուղը։

՝՝Որպեսզի չդառնա մառախուղ, այս մոտեցումին Թրամփը պիտի հավատարիմ մնա ավելի երկար ժամանակ, քան ելույթի մեկ ժամը՛՛, ասում է Բրուքինգզի հաստատությունից Ջոն Հուդաքը։
Վերլուծաբաններից Ջիմ Քեսլերին նույնպես հետաքրքրում է, թե որքան կտեւի համերաշխությամբ համագործակցելու Թրամփի տրամադրությունը։

՝՝Նրա ասածը կմնա թղթի վրա, թե՞ կտեւի միայն 7 օր։ Թե՞ իրեն կծառայեցնի 7 ամիս։ Սա է հարցը՛՛։

Թրամփի ելույթի ընթացքը ցույց տվեց, որ նրան հավատարիմ քաղաքական զանգվածը կայուն է։

Հիմա նրա առջեւ դրված խնդիրը հետեւյալն է. Ի՞նչ պիտի անի ու ինչպե՞ս պիտի անի այդ աջակցության շրջանակի սահմաններն ընդլայնելու համար։